Այսօր տեղի կունենա Apple-ի շնորհանդեսը. ի՞նչ կներկայացվի և ինչպե՞ս դիտել այն առցանց

12 սեպտեմբերի, 2023  10:22

Այսօր երեկոյան տեղի կունենա տեխնոլոգիաների աշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Apple-ի ամենամյա սեպտեմբերյան շնորհանդեսը։ Այս տարի այն, կոչվում է Wonderlust, որը կարելի է թարգմանել որպես «Հրաշքների սպասումով» կամ «Հրաշքների ծարավ»: Շնորհանդեսը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին և հնարավոր կլինի դիտել Apple-ի պաշտոնական կայքում՝ Apple TV-ի միջոցով, YouTube-ում Apple-ի ալիքում և, իհարկե, անմիջապես NEWS.am Tech-ում՝ ստորև ներկայացված նվագարկչում։

Ի՞նչ է նախատեսում մեզ ցուցադրել Apple-ը

Շնորհանդեսի գլխավոր աստղը կդառնան նոր iPhone սմարթֆոնները։ iPhone 15-ի ընտանիքի հիմնական փոփոխություններից մեկը կլինի Lightning պորտից ավելի բազմակողմանի USB-C-ի անցումը: Թեև Apple-ը կարող է սա ներկայացնել որպես նորամուծություն, պետք է հիշել, որ այս փոփոխությունը պայմանավորված է Եվրոպական միության՝ լիցքավորման ունիվերսալ միակցիչ ներդնելու պահանջով:

Apple-ի տեխնիկայի հարցերով փորձագետ Մինգ-Չի Կուոյի խոսքով՝ iPhone 15-ի բոլոր մոդելները կունենան USB-C միակցիչ, սակայն միայն iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը առավելություն կունենան տվյալների ավելի արագ փոխանցման տեսքով: Ըստ Kuo-ի՝ այս երկու մոդելներն էլ կունենան առնվազն USB 3.2-ի կամ Thunderbolt 3-ի աջակցություն, մինչդեռ բազային iPhone 15-ը և 15 Plus-ը կսահմանափակվեն USB 2.0-ով: Նոր միակցիչին անցումը նաև կբարելավի լիցքավորման արագությունը՝ թույլ տալով մինչև 35 Վտ հզորություն՝ նախկին 20 Վտ-ի փոխարեն: Չնայած սա դեռ հաստատված չէ։

Մեկ այլ կարևոր փոփոխություն կլինի Dynamic Island ֆունկցիայի ներդրումը iPhone 15-ի բոլոր մոդելներում: Այս փոփոխությունն անցյալ տարի կանխատեսել էր վերլուծաբան Ռոս Յանգը: Ներկայումս Apple-ն այս հնարավորությունն առաջարկում է միայն iPhone 14 Pro-ի և Pro Max-ի դեպքում: Ակնկալվում է, որ iPhone 15-ի բոլոր մոդելներում կավելացվի նաև U2 գերլայնաշերտ չիպ:

Ըստ Bloomberg-ի լրագրող և վերլուծաբան Մարկ Գուրմանի՝ iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը կունենան տիտանե շրջանակ և էկրանի շուրջ ավելի նեղ շրջանակներ: Այս մոդելները կունենան նաև ավելի հզոր 3 նմ A17 պրոցեսոր, մինչդեռ iPhone 15-ը և 15 Plus-ը, ամենայն հավանականությամբ, կստանան iPhone 14 Pro-ում կիրառվող A16 պրոցեսորը:

Մեկ այլ նորարարություն, որը կարող է հայտնվել բացառապես iPhone 15 Pro Max-ում, 6x օպտիկական խոշորացումով պերիսկոպի ոսպնյակն է:  

Այս թարմացումները կարող են ազդել սարքերի գների վրա: Ըստ Wedbush-ի վերլուծաբանի՝ iPhone 15 Pro-ն և Pro Max-ը կարժենան համապատասխանաբար 1099 և 1199 դոլար, ինչը 100 դոլարով ավելի է, քան դրանց նախորդները: Մինչդեռ iPhone-ի հիմնական մոդելների գինը կմնա նույնը:

Բացի iPhone 15-ից, Apple-ն այսօրվա շնորհանդեսին կներկայացնի նաև խելացի ժամացույցների նոր մոդելներ։ Դրանց մասին դեռ քիչ պաշտոնական մանրամասներ կան, բայց սպասվում է, որ դրանք կստանան թարմացված պրոցեսորներ, նոր հնարավորություններ և հզոր մարտկոցներ, որոնք կապահովեն մեկ լիցքավորմամբ սարքի ավելի երկար աշխատանք։

Շնորհանդեսի կարևոր պահերից կլինի Lightning պորտից USB-C միակցիչի անցումը, որը կազդի ոչ միայն iPhone-ի, այլ նաև Apple-ի այլ սարքերի վրա։ Օրինակ՝ ենթադրվում է, որ AirPods Pro-ն նույնպես կստանա լիցքավորման պատյան՝ USB-C միակցիչով։ Այնուամենայնիվ, կոնկրետ ականջակալի հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

Վերջապես, Apple-ը կներկայացնի իր օպերացիոն համակարգերի թարմացումները, այդ թվում՝ iOS 17, iPadOS 17, macOS Sonoma և watchOS 10։ Շնորհանդեսի ժամանակ կարող է շոշափվել նաև ընդլայնված իրականության թեման։


 
 
 
 
  • Արխիվ