iPhone 15-ն իրոք կթանկանա, բայց այն ավելի հեշտ կլինի վերանորոգել, իսկ Pro տարբերակը տիտանե շատ նեղ շրջանակ կստանա

31 հուլիսի, 2023  12:12

Ամբողջ iPhone 15 շարքի սմարթֆոններն իսկապես կթանկանան անցյալ տարվա սարքերի համեմատ. Bloomberg-ի լրագրող և հեղինակավոր ինսայդեր Մարկ Գուրմանը հաստատել է այս տեղեկությունը Power On-տեղակագրում։ Ընդ որում, գները կարող են բարձրանալ ոչ միայն ԱՄՆ-ից դուրս, այլ նաև ներքին շուկայում։

Մյուս կողմից, նախատեսվում են նաև սմարթֆոնների դիզայնի որոշ փոփոխություններ․ Pro մոդելներում չժանգոտվող պողպատից պատյանների շրջանակը կփոխարինվի տիտանով, ինչը սարքերը կդարձնի ավելի ամուր և թեթև։ Բացի դրանից, նոր շարքի սմարթֆոններն ավելի հեշտ կլինի վերանորոգել։

iPhone 15-ի թանկացում

Apple-ի նոր սմարթֆոնների գների բարձրացման մասին վերջերս խոսել էր բրիտանական Barclays բանկի վերլուծաբան Թիմ Լոնգը, որը վկայակոչել էր Ասիայում iPhone-ի մատակարարման շղթայում ներգրավված ընկերությունների տվյալները։ Նա ասել էր, որ iPhone 15 Pro-ն 100 դոլարով ավելի թանկ կլինի iPhone 14 Pro-ից, իսկ iPhone 15 Pro Max-ը 100-200 դոլարով ավելի, քան iPhone 14 Pro Max-ը, մինչդեռ ստանդարտ iPhone 15 և iPhone 15 Plus մոդելների գները կարող են մնալ նույնը, ինչ նախորդ տարի:

Ըստ Մարկ Գուրմանի՝ iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի գների աճը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Apple-ը որոշել է նոր սարքերի կորպուսները պատրաստել տիտանից, ինչպես նաև առաջատար iPhone 15 Pro-ի տեսախցիկներում ավելի թանկ համակարգ կիրառել։

Այնուամենայնիվ, Գուրմանը կոնկրետ թվեր չի ներկայացրել, միայն հիշեցրել է, որ Apple-ի տիտանե ժամացույցները 100 դոլարով թանկ են չժանգոտվող պողպատե տարբերակից:

Տիտանե շրջանակ iPhone 15 Pro մոդելներում

Նոր iPhone 15-ի Pro մոդելներում չժանգոտվող պողպատից պատրաստված կորպուսների շրջանակը կփոխարինվի տիտանե տարբերակով, ինչը սմարթֆոնները կդարձնի ավելի ամուր և թեթև։ Բայց, ինչպես նշվեց վերևում, նոր սարքերը կդառնան նաև ավելի թանկ, ի թիվս այլ բաների, նաև այս շրջանակների պատճառով:

Գուրմանի տվյալներով՝ iPhone 15 Pro-ի և Pro Max-ի էկրանները կստեղծվեն նոր տեխնոլոգիայի միջոցով (ցածր ճնշման միաձուլվածք կամ LIPO, ինչպես այն անվանում են Apple-ում), ինչը հնարավորություն կտա սև շրջանակների լայնությունը նվազեցնել մեկ երրորդով՝ 2,2-ից 1,5 մմ:

Ընկերությունը LIPO տեխնոլոգիան արդեն կիրառել է Watch Series 7 խելացի ժամացույցների արտադրության ժամանակ, իսկ ժամանակի ընթացքում այն ​​կկիրառվի iPad-ի վրա։

Հարկ է նաև նշել, որ ընկերությունը որոշել է Lightning միակցիչը փոխարինել USB-C-ով, ինչը կբարձրացնի տվյալների փոխանցման արագությունը լարով։ Սա ընդունելի լուծում է տեխնիկական տեսանկյունից, բայց կարող է անհարմարություններ առաջացնել այն օգտատերերի համար, որոնք սովոր են Lightning մալուխին և ունեն մեծ թվով նման պարագաներ:

iPhone 15 Pro-ն ավելի հեշտ կլինի վերանորոգել

Apple-ը փոփոխություններ է կատարել iPhone 15 Pro-ի ներքին կառուցվածքում՝ հեշտացնելով սմարթֆոնի վերանորոգումը։ Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։

Նշենք, որ iPhone 15 սմարթֆոնների շարքի շնորհանդեսը սպասվում է 2023-ի աշնանը։


 
 
 
 
  • Արխիվ