Դիմորֆ աստերոիդի հետ DART զոնդի բախումն անսպասելի հետևանքների է հանգեցրել

11 սեպտեմբերի, 2023  22:26

Առաքելությունը, որի շրջանակում DART տիեզերական զոնդը բախվել էր Դիմորֆ աստերոիդին, որպեսզի փոխի դրա շարժման ուղեգիծը, անսպասելի հետևանքների է հանգեցրել․ հարվածի հետևանքով Դիմորֆի ուղեծիրը կորցրել է կայունությունը, սկսել է փոքրանալ, արդյունքում աստերոիդն սկսել է մոտենալ Դիդիմին՝ ավելի մեծ աստերոիդին, որի շուրջն այն պտտվում է։

Գիտնականներն ի սկզբանե ակնկալում էին փոխել Դիմորֆի շարժման արագությունն ու հետագիծը. մինչ այդ Դիդիմի շուրջը այն մեկ ամբողջական պտույտն անում էր 11 ժամ 55 րոպեում, սակայն երբ DART-ը 22,500 կմ/ժ արագությամբ բախվեց Դիմորֆին, մեկ պտույտի ժամանակահատվածը կրճատվեց 32 րոպեով: Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքանով չավարտվեց․ Դիմորֆի ուղեծիրը ոչ միայն փոխվեց, այլև կորցրեց կայունությունը և սկսեց փոքրանալ:

Թետչերի դպրոցում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) դասավանդող Ջոնաթան Սվիֆթը, վերջերս որոշել է ուսումնասիրել այս երևույթն իր ուսանողների հետ։ Ուսհաստատության աստղադիտարանից արվածս դիտարկումները ցույց են տվել, որ Դիմորֆի ուղեծիրը շարունակել է փոքրանալ. այսինքն՝ բացի նրանից, որ NASA-ի զոնդի հետ բախումից անմիջապես հետո Դիդիմի շուրջն աստերոիդի մեկ պտույտի ժամանակահատվածը կրճատվել էր 32 րոպեով, այս ընթացքում այն կրճատվել է ևս 2 րոպեով։

Ուսուցիչն այդ դիտարկումների արդյունքները ներկայացրել է Ամերիկյան աստղագիտական ​​ընկերությանը: Սկզբում նա կարծել է, թե դիտարկման կամ հաշվարկների մեջ սխալ է թույլ տրվել, սակայն տվյալները հաստատվել են։

Այժմ գիտնականները փորձում են պարզել աստերոիդի այսպիսի անսպասելի «վարքը»։ Վարկածներից մեկի համաձայն՝ այժմ այն շարժվում է «քաոսային» կերպով, իսկ մինչ DART զոնդի հետ բախումը դրա ուղեծիրը կայուն էր՝ մակընթացային ձգողության վիճակում։

Ակնկալվում է, որ եվրոպական Hera առաքելությունը, որը նախատեսված է հոկտեմբերին, նոր տեղեկություններ կհաղորդի Դիմորֆի և նրա ուղեծրի մասին: Սարքը կուսումնասիրի DART-ի հետ բախումից հետո աստերոիդի վրա ձևավորված խառնարանը և ավելի ճշգրիտ կորոշի երկու աստերոիդների զանգվածն ու կազմը։ Ստացված տվյալները կօգնեն ավելի լավ հասկանալ երկու աստերոիդների «վարքը» և ընդլայնել գիտելիքները Արեգակնային համակարգի տիեզերական օբյեկտների մասին:


 
 
 
 
  • Արխիվ