Google Pixel 8 Pro. անհեթեթորեն թա՞նկ, թե իրապես արժանի իր գնին

5 սեպտեմբերի, 2023  14:21

Առաջիկայում թողարկվելիք Google Pixel 8 և Pixel 8 Pro սմարթֆոնների գների վերաբերյալ վերջերս ի հայտ եկած տեղեկությունը շփոթություն և հարցեր է առաջացնում ինչպես սպառողների համայնքի, այնպես էլ տեխնոլոգիայի ոլորտի փորձագետների շրջանում: GSMArena կայքին տեղեկություններ տրամադրած անանուն աղբյուրի տվյալներով՝ նոր մոդելները զգալիորեն ավելի թանկ կլինեն նախորդ սերնդի սմարթֆոնների համեմատ։

Google Pixel 8-ի բազային տարբերակը՝ 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, կառաջարկվի 874 եվրո (մոտ 940 դոլար) գնով։ 256 ԳԲ հիշողությամբ մոդելը կառաջարկվի 949 եվրո (մոտ 1020 դոլար): Այնուամենայնիվ, հիմնական աղմուկն առաջացել է Pixel 8 Pro-ի գնի շուրջ. 128 ԳԲ հիշողությամբ տարբերակը կարժենա 1235 եվրո (1330 դոլար), մինչդեռ 256 ԳԲ հիշողությամբ մոդելը՝ 1309 եվրո (1410 դոլար): Իր գնով զարմացնում է 512 ԳԲ հիշողությամբ ամենահզոր մոդիֆիկացիան՝ 1461 եվրո (մոտ 1575 դոլար):  

Համեմատած իրենց նախորդների՝ Pixel 7-ի և Pixel 7 Pro-ի հետ, որոնք թողարկվել են 2022-ին, նոր սմարթֆոնների գներն աստղաբաշխական բարձր են թվում: Pixel 7-ի գինն սկսվում էր 650 եվրոյից, իսկ Pixel 7 Pro-ինը՝ 900 եվրոյից:

Ինսայդերը տեղեկություն է տրամադրել նաև առկա գունային տարբերակների մասին: Pixel 8-ը հասանելի կլինի Hazel, Obsidian, Rose և Mint գույներով, մինչդեռ Pixel 8 Pro-ը հասանելի կլինի Bay, Obsidian, Procelian և Mint երանգներով։

Այս լուրը զգացմունքների փոթորիկ է առաջացրել տեխնոլոգիայի սիրահարների համայնքում։ GSMArena կայքում Google Pixel 8 սմարթֆոնների գների կտրուկ աճի մասին լուրերը «անհեթեթ» են անվանել։

Ի՞նչ բնութագրեր կունենա Pixel 8 Pro-ն

Gadgets360.com-ի փոխանցմամբ՝ սմարթֆոնը կունենա 6,70 դյույմանոց սենսորային էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ և 1440x3120 պիքսել (QHD) լուծաչափով։ Ակնկալվում է, որ Google Pixel 8 Pro-ն կունենա ութամիջուկ Google Tensor պրոցեսոր և 12 ԳԲ օպերատիվ հիշողություն: Այն նաև կունենա անլար լիցքավորման, ինչպես նաև Google-ի ֆիրմային արագ լիցքավորման աջակցություն:

Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ըստ որոշ տեղեկությունների, Google Pixel 8 Pro-ն կունենա հետևի եռակի տեսախցիկ՝ 50 ՄՊ հիմնական տեսախցիկով, ինչպես նաև 64 ՄՊ և 48 ՄՊ տեսախցիկով: Կլինի նաև մեկ առջևի 11 ՄՊ սելֆի տեսախցիկ:

Սմարթֆոնը կունենա նաև փոշուց և ջրից պաշտպանություն՝ IP68 ստանդարտով։

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Google Pixel 8-ի և Pixel 8 Pro-ի մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկա շաբաթներին, և միայն դրանից հետո հնարավոր կլինի ճշգրիտ տեղեկություն ստանալ նոր սարքերի գների մասին։ Շատերը շարունակում են սպասել լրացուցիչ տեղեկությունների և հույս ունեն, որ գներն ավելի ցածր կլինեն, քան նշվում է արտահոսած տեղեկությունում։


 
 
 
 
  • Արխիվ