Google-ը պատահաբար ցուցադրել է դեռ չհայտարարված Pixel 8 Pro սմարթֆոնի լուսանկարը

31 օգոստոսի, 2023  12:35

Հերթական անգամ Google-ի ֆլագմանային Pixel 8 Pro-ի մասին տեղեկության արտահոսք է եղել․ ընկերության պաշտոնական կայքում հայտնվել է սմարթֆոնի լուսանկարը, թեև սմարթֆոնի մասին ընկերությունը պաշտոնապես դեռ չի հայտարարել։

Google Pixel 8 Pro-ի լուսանկարը նկատել են Google Store-ի էջում: X-ի (նախկինում Twitter) @Android_Setting անունով օգտատերն առաջինն է նկատել այն Google-ի բաժանորդագրություններն ու ծառայությունները գովազդող էջում։ Լուսանկարում պատկերված է մի տղամարդ, որը խոսում է Google Pixel 8 Pro-ով։

Սմարթֆոնի տեսքը նույնն է, ինչ արդեն արտահոսած այլ լուսանկարներում և ռենդերներում, ինչպես նաև մի տեսանյութում, որը ենթադրաբար հենց Google-ն է պատրաստած եղել: Ավելին, լուսանկարի նկարագրությունում ասվում է, որ «մարդը խոսում է Pixel 8 Pro կաթնագույն հեռախոսով»:

Pixel 8 Pro  2~.jpg (74 KB)

Լուսանկարում երևում է, որ սմարթֆոնի դիզայնը համապատասխանում է նախկին արտահոսքերին. հետևի տեսախցիկները պատված են օվալաձև ապակիով և ավանդաբար դուրս են գալիս կորպուսից, ինչպես նախորդների դեպքում է։ Թեև այս արտահոսքի հիման վրա հնարավոր չէ որոշել, թե ինչ կա սմարթֆոնի ներսում, սակայն դրա տեխնիկական բնութագրերի, էկրանի, հիշողության և նոր գործառույթների մասին տեղեկություններ արդեն հաղորդվել են, այդ թվում՝ Video Unblur ֆունկցիան, որն օգտագործում է նեյրոցանց մշուշված տեսանյութում պատկերի հստակությունը բարելավելու համար։

Ըստ առկա տեղեկությունների՝ Pixel 8 Pro-ն կստանա 6,7 դյույմանոց OLED էկրան՝ 2992×1344 լուծաչափով և 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Հիմնական տեսախցիկը կներառի 50 ՄՊ սենսոր Samsung-ից, 64 Մպ գերլայնանկյուն սենսոր Sony-ից և 48 ՄՊ պերիսկոպի մոդուլ՝ 5x օպտիկական խոշորացումով։ Առջևի տեսախցիկը հավանաբար կպահպանի 11 ՄՊ լուծաչափը։ Սմարթֆոնը կաշխատի Google Tensor G3 պրոցեսորով, 4950 մԱ/ժ մարտկոցով և կունենա Wi-Fi 7 աջակցություն։


 
 
 
 
  • Արխիվ