WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել, փոխվել է կարգավորումների ինտերֆեյսը

4 սեպտեմբերի, 2023  20:14

WhatsApp մեսենջերի՝ Android-ի համար նախատեսված բետա տարբերակում թարմացվել է «Կարգավորումներ» բաժնի ինտերֆեյսը և ավելացվել է մեկ սարքից մեկից ավելի օգտահաշիվ օգտագործելու հնարավորություն, այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Մեսենջերում հայտնված նոր ֆունկցիայի նորարարությունն այն է, որ դա հնարավորություն է տալիս մեկ օգտահաշվից անցնել մյուսին, ինչը օգտատերերին թույլ է տալիս գրանցվել մեկից ավելի օգտահաշիվներում և դրանք օգտագործել նույն սարքի վրա։ Նախկինում նրանք նույն բանն անելու համար ստիպված էին կլոնավորել WhatsApp-ը կամ երրորդ կողմի հավելվածներ ներբեռնել լրացուցիչ օգհաշիվների համար։

Նշվում է, որ օգտատերերը կարող են ավելացնել միայն մեկ հավելյալ օգտահաշիվ։ Հնարավոր է, որ հետագայում ավելացվի հավելյալ օգտահաշիվների թիվը։

Երկրորդ և ոչ պակաս կարևոր թարմացումն այն է, որ «Կարգավորումներ» բաժինը փոխվել է և այժմ բերվել է նույն ոճի, ինչ WhatsApp-ի iOS տարբերակը: Այժմ Android-ի այս ընտրացանկը բաժանված է «սալիկների» և ենթաբաժինների ցուցակների, ինչպես iPhone-ում:

Երկու նորամուծություններն էլ հասանելի են փորձարկողների լայն շրջանակի, որոնք տեղադրել են WhatsApp-ի՝ Android-ի համար նախատեսված 2.23.18.21 բետա տարբերակը: Թե երբ նորամուծությունները կհայտնվեն մեսենջերի հիմնական տարբերակներն օգտագործողների մոտ, չի հաղորդվում։

WhatsApp-ը պարբերաբար նոր գործառույթներ է ներդնում։ Վերջերս հայտնի դարձավ, որ WhatsApp-ում օգտատերերի պաշտպանության նոր համակարգ կներդրվի։ Բացի դրանից, գտատերերը կկարողանան թաքցնել իրենց IP հասցեն զանգեր կատարելիս, միմյանց բարձր լուծաչափով լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել, արհեստական բանականության օգնությամբ ստեղծել իրենց սթիքերները։ WhatsApp-ը վերջերս նաև հայտարարել է, որ նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կավելացնի։

 

 


 
 
 
 
  • Արխիվ