WhatsApp-ում օգտատերերի պաշտպանության նոր համակարգ կներդրվի

1 սեպտեմբերի, 2023  20:13

WhatsApp-ում կներդրվի մեսենջերում էլփոստի հասցեի միջոցով նույնականացման հնարավորություն, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Մեսենջեր էլփոստով մուտք գործելու գործառույթը դեռ մշակման փուլում է և հասանելի է WhatsApp-ի Android-ի համար նախատեսված 2.23.18.19 համարի բետա տարբերակի որոշ փորձարկողների։

Էլփոստը կօգտագործվի որպես WhatsApp-ի օգտահաշիվ մուտք գործելու այլընտրանքային միջոց: Նշվում է, որ էլփոստի հասցեն տեսանելի չի լինի կոնտակտներին ու զրուցակիցներին։ Միաժամանակ նոր օգտատերերը, այդուհանդերձ, մեսենջերում դեռ պետք է գրանցվեն հեռախոսահամարով։

Այս նորարարությունը կարող է օգտակար լինել այն օգտատերերի համար, որոնք դժվարություններ են ունենում իրենց օգտահաշիվներ մուտք գործելիս և բողոքում են, որ չեն կարողանում մուտք գործել WhatsApp, քանի որ SMS-ի միջոցով վեցանիշ կոդը չեն ստանում:

Օգտատերերը ստիպված չեն լինի օգտագործել նույնականացման այս մեթոդը. եթե ցանկանում են, ապա կարող են շարունակել մուտք գործել իրենց օգտահաշիվ SMS-ի միջոցով:

Առայժմ տեղեկություն չկա այն մասին, ինչ ժամանակացույցով կներդրվի այս նոր հնարավորությունը և երբ այն հասանելի կլինի բոլորին։

WhatsApp-ը պարբերաբար նոր գործառույթներ է ներդնում։ Վերջերս հայտնի դարձավ, որ օգտատերերը կկարողանան թաքցնել իրենց IP հասցեն զանգեր կատարելիս, միմյանց բարձր լուծաչափով լուսանկարներ և տեսանյութեր ուղարկել, արհեստական բանականության օգնությամբ ստեղծել իրենց սթիքերները։

WhatsApp-ը վերջերս նաև հայտարարել է, որ նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կավելացնի։ Մեկ այլ նորամուծության շրջանակում մեսենջերում վերջերս նաև ավելացել է մեկ հեռախոսում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու հնարավորությունը:


 
 
 
 
  • Արխիվ