NASA-ն հրապարակել է «Լունա-25»-ի ենթադրյալ կործանման վայրի լուսանկարը

1 սեպտեմբերի, 2023  12:19

NASA-ի Lunar Reconnaissance Orbiter (LRO) սարքը լուսանկարել է Լուսնի մակերեսի վրա հայտնված նոր խառնարանը, որը, հավանաբար, այն վայրն է, որտեղ օրեր առաջ կործանվել էր ռուսական «Լունա-25» («Луна-25») կայանը:

NASA-ից ասել են, որ այս տարածքի վերջին լուսանկարն արվել է 2022-ի հունիսին, երբ Երկրի բնական արբանյակի մակերեսին այս խառնարանը չկար։ Այն հայտնվել է Լուսնի հետ ռուսական «Լունա-25» ապարատի ենթադրյալ բախման վայրին մոտ գտնվող տարածքում, ուստի NASA-ն եզրակացրել է, որ, ամենայն հավանականությամբ, խառնարանը գոյացել է հենց հարվածի հետևանքով։

Սա նույն վայրն է «Լունա-25»-ի կործանումից հետո։

luna25 crater.jpg (170 KB)

«Նոր խառնարանն ունի մոտ 10 մ տրամագիծ և գտնվում է հարավային լայնության 57,865 աստիճանի և արևելյան երկայնության 61,360 աստիճանի վրա՝ մոտ մինուս 360 մ բարձրության վրա: Հարվածի կետը եղել է Ponteculan G խառնարանի զառիթափի (ավելի քան 20 աստիճան) ներքին եզրին, «Լունա 25»-ի նախատեսված վայրէջքի վայրից մոտ 400 կմ հեռավորության վրա՝ հարավային լայնության 69,545 աստիճանի, արևելյան երկայնության 43,544 աստիճանի վրա»,- ասվում է NASA-ի հայտարարությունում։

«Լունա-25» կայանը գործարկվել է օգոստոսի 11-ին ՌԴ Ամուրի շրջանի Վոստոչնի տիեզերակայանից։ Այն Լուսնի ուղեծիր է մտել հինգ օր անց: Կայանը պետք է Լուսնի վրա վայրէջք կատարեր օգոստոսի 21-24-ը, սակայն օգոստոսի 20-ին «Ռոսկոսմոսը» հայտնել է, որ սարքը բախվել է Լուսնին ու կործանվել։ Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը հայտնել է, որ «Լունա-25»-ի շարժիչը վերջին մանևրի ժամանակ նորմալ չի անջատվել։

«Լունա-25»-ը 2018 թվականին հաստատված ռուսական լուսնային ծրագրի առաջին փուլի մի մասն էր: Այն ներառում է Երկրի արբանյակի ուսումնասիրություն ավտոմատ կայանների միջոցով։ Վթարից հետո Բորիսովը հայտարարել է, որ չի կարելի ընդհատել լուսնային ծրագիրը։ Այսպիսով, Ռոսկոսմոսը կդիտարկի 2025-2026 թվականներին Լուսնի հարավային բևեռ առաքելությունը կրկնելու հնարավորությունը։ Ի սկզբանե է, 2027-ին նախատեսված էր նաև «Լունա-26»-ի արձակումը։


 
 
 
 
  • Արխիվ