«Լունա-25»-ը բախվել է Լուսնի մակերեսին, ինչից հետո սարքի հետ կապը կորել է

21 օգոստոսի, 2023  12:18

Ռուսական «Լունա-25» («Луна-25») մոդուլը դուրս է եկել չհաշվարկված ուղեծիր և բախվել Լուսնի մակերեսին, ինչից հետո մոդուլի հետ կապն ընդհատվել է, ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ը։

Մոդուլը գտնելու ջանքերն արդյունք չեն տվել, առաքելությունը համարվում է ավարտված։ Սա առաջին նման առաքելությունն էր Ռուսաստանի հետխորհրդային պատմության մեջ։ Այն մեկնարկել էր օգոստոսի 11-ին՝ «Վոստոչնի» տիեզերակայանից։

«Նախնական վերլուծության արդյունքների համաձայն՝ իմպուլսի իրական պարամետրերի շեղման պատճառով «Լունա-25» տիեզերանավը անցել է չհաշվարկված ուղեծիր և դադարել է գոյություն ունենալ՝ Լուսնի մակերեսի հետ բախման հետևանքով։ Տիեզերանավը կորցնելու պատճառները պարզելու հարցերով կզբաղվի հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը»,- ասվում է «Ռոսկոսմոսի» տարածած հաղորդագրությունում։

«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովն ասել է, որ «Լունա-25»-ի փափուկ վայրէջքը պետք է տեղի ունենար օգոստոսի 21-ին։

«Լունա-25»-ը ռուսական լուսնային ծրագրի մի մասն է ավտոմատ միջմոլորակային կայանների միջոցով Լուսնի և մերձլուսնային տարածության հետազոտման և գործնական օգտագործման համար:

Կայանը կշռում էր 1,8 տոննա, գիտական ​​սարքավորումների համալիրը՝ 31 կգ։ Գիտական ​​սարքավորումները մշակել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը։ «Լունա 25»-ը պետք է կառավարվեր Երկրից։

«Լունա-25»-ը պետք է զբաղվեր թե՛ զուտ գիտական ​​հետազոտություններով և ուսումնասիրեր Լուսնի առաջացումը և էվոլյուցիան, և թե՛ գործնական հետազոտություններով և ուսումնասիրեր ապագայում Լուսնի օգտակար հանածոներն օգտագործելու հնարավորությունները։

Այս առաքելության հիմնական առաջադրանքն էր մշակել Հարավային բևեռի մոտ փափուկ վայրէջք կատարելու տեխնոլոգիա ապագա առաքելությունների աշխատանքը հեշտացնելու համար։ Դա պետք է աներ ավտոմատ զոնդի ուղեծրային մասը։

Սարքը նաև պետք է ուսումնասիրեր Հարավային բևեռի շրջանի մակերեսը, այդ թվում՝ կրիոգեն հորատման օգնությամբ ջուր որոնելու նպատակով։ Բացի դրանից, «Լունա-25»-ի գործիքները պետք է ուսումնասիրեին Լուսնի բևեռային հատվածի փոշին, միկրոերկնաքարերը և ճառագայթային միջավայրը։


 
 
 
 
  • Արխիվ