Աշխարհում արհեստական բանականության նկատմամբ հետաքրքրության շնորհիվ Կարիբյան կղզին հարստացել է

1 սեպտեմբերի, 2023  10:23

Կարիբյան ծովի արևելյան հատվածում գտնվող Անգիլիա կղզին, որը բրիտանական տարածք է, սկսել է մի քանի անգամ շատ գումար ստանալ իր «.ai» տիրույթի գրանցումներից, որը համահունչ է արհեստական ​բանականության հապավմանը (artificial intelligence, AI), գրում է Bloomberg-ը։

Տիրույթի մենեջեր Վինս Քիթը գործակալությանը հայտնել է, որ անցած տարվա ընթացքում «.ai»-ով ավարտվող կայքերի գրանցումների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով գրեթե 287,500-ի։ Նրա խոսքով՝ Անգիլիայում տիրույթի գրանցման վճարը 2023-ին կկազմի 25-30 մլն դոլար։

Ըստ հանրային հասանելի տվյալների՝ Անգիլիան 2021-ին «.ai» տիրույթի գրանցումներից վաստակել է 7,4 միլիոն դոլար, իսկ 2023-ին ակնկալվում էր ստանալ մոտ 8,3 միլիոն դոլար։

«[2022-ի] նոյեմբերի 30-ից այստեղ ամեն ինչ միանգամայն այլ կերպ է»,- ասել է Քեյթը՝ նկատի ունենալով արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտի հրապարակային գործարկման ամսաթիվը:

Հրապարակման մեջ ասվում է, որ եթե տիրույթի գրանցման վճարներից ստացվող գումարը գերազանցի 25 մլն դոլարը, ապա դա կկազմի ընթացիկ տարվա համար Անգիլիայի գանձապետարանի կողմից կանխատեսված բյուջեի (մոտ 107 մլն դոլար) գրեթե քառորդ մասը:

Տիրույթի գինը կարող է տարբեր լինել, սակայն գրանցողները պետք է Անգիլիային վճարեն 140 դոլար ֆիքսված գին՝ այդ հասցեով երկու տարվա գրանցման համար։ Տարվա առաջին կիսամյակում այդ գումարը կազմում էր 120 դոլար։

Կղզու տարածքի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ։ 


 
 
 
 
  • Արխիվ