Մաթեմատիկական ֆիզիկայի տարածաշրջանային աշխատաժողովը ոլորտի անվանի մասնագետներին հավաքել էր Երևանում

28 օգոստոսի, 2023  16:04

Վերջերս Երևանում կայացած մաթեմատիկական ֆիզիկայի հարցերով աշխատաժողովն ու դպրոցը (RDP School and Workshop on Mathematical Physics) լավ հնարավորություն էին տարածաշրջանի երկրների ուսանողների համար՝ լսելու աշխարհի առաջատար մասնագետներին, իսկ ավագ սերնդի ֆիզիկոսների համար՝ կապեր ու համագործակցություն հաստատելու այլ երկրների գիտնականների հետ: Սա թվով 9-րդ դպրոցն ու աշխատաժողովն է հայ-վրացական նախագծի շրջանակում, որը ֆինանսավորում է Volkswagen Stiftung հիմնադրամը։

Ինչպես NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց աշխատաժողովի կազմակերպիչ, Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Արմեն Ներսեսյանը, նախկինում այս աշխատաժողովների ժամանակ ծանոթացած շատ գիտնականներ հետագայում միմյանց հետ համագործակցություն են հաստատել, համատեղ հոդվածներ են հրապարակել։ Եվ այս աշխատաժողովը, նրա խոսքով, ևս խոստանում է այդ իմաստով բեղմնավոր լինել։

«Որպես կանոն, մեր աշխատաժողովների զեկույցները զրույցը շարունակելու հրավեր են։ Ես հետևում եմ, թե ինչի է դա հանգեցնում, և կարող եմ պարծենալ, որ այստեղ մեր կազմակերպած աշխատաժողովից յուրաքանչյուրը հանգեցրել է ինչ-որ նոր համագործակցությունների, համատեղ հրապարակումների»,- պատմեց Արմեն Ներսեսյանը։

Մասնավորապես, առաջին աշխատաժողովում հանդիպել են Ռուբեն Մկրտչյանը Երևանի Ֆիզիկայի ինստիտուտից և Ալեքսանդր Վեսելովը Մեծ Բրիտանիայից, և ծնվել է Լիի ունիվերսալ ալգեբրաների վերաբերյալ նրանց համագործակցությունը։

«Այսօր այն տեսական ֆիզիկայի ամենաբարդ և ամենահեղինակավոր թեմաներից մեկն է, և դրա ուսումնասիրման կենտրոնը գործնականում Հայաստանն է։ Նշեմ նաև մեր աշխատաժողովներում սկիզբ առած Ֆրանցիսկո Կորեայի (Չիլի) և Անդրեաս Ֆրինգի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), Մահմուտ Էլբիստանի (Ստամբուլ, Թուրքիա) և Պետեր Խորվաթիի (Տուրս, Ֆրանսիա), Տիգրան Հակոբյանի (Երևանի պետական համալսարան) և Միշա Ֆեյգինի (Գլազգո) բազմամյա համագործակցությունը, բազմաթիվ այլ նախագծեր, որոնք վերածվել են համատեղ հրապարակումների: Հուսով եմ, որ ներկայիս աշխատաժողովը կհանգեցնի նոր համատեղ նախագծերի։ Այսինքն՝ այդ աշխատաժողովներն ու դպրոցները դարձել են կամուրջ, որը կապում է տեսաբան ֆիզիկոսների երկու համայնքները և երկու տարբեր տարածաշրջաններ՝ ռուսալեզու տարածքն ու Մերձավոր Արևելքը։ Այս համայնքներից յուրաքանչյուրը հիմնականում ուղղված է դեպի արևմուտք: Եվ կողմերից յուրաքանչյուրն ունի իր ինչ-որ կոմպլեմենտար կապեր, և Երևանում անցկացվող քննարկումները դառնում են դրանց հատման վայրը»,- պարզաբանեց Արմեն Ներսեսյանը։

Այս աշխատաժողովները սկիզբ են առել դեռևս 10 տարի առաջ, երբ Թբիլիսիի համալսարանի բարձր էներգիաների ֆիզիկայի ինստիտուտից Միրիան Տաբիձեն և Երևանի Ֆիզիկայի ինստիտուտից Արմեն Ներսեսյանը որոշեցին դիմել Volkswagen Stiftung դրամաշնորհի համար համատեղ նախագծով։ Հայաստանի և Վրաստանի գիտնականներին աջակցել են Ակակի Ռուսեցկին և Ուլֆ Մայսները Բոննի համալսարանից: Նախագիծը չորս տարի ժամկետով էր, որի շրջանակում անցկացվել է հինգ գիտաժողով և դպրոց՝ հերթափոխով Թբիլիսիում և Երևանում: Թբիլիսիում քննարկվել են բարձր էներգիաների ֆիզիկային, Երևանում՝ մաթեմատիկական ֆիզիկային առնչվող հարցեր: Հիմնադրամի ծրագրի ավարտին Volkswagen Stiftung-ը նոր ֆինանսավորում է հատկացրել ևս չորս տարով, կորոնավիրուսային համավարակի և պատերազմների պատճառով տարածաշրջանային դոկտորական նոր ծրագիրը երկարաձգվել է ևս երկու տարով: Այս տարի ծրագիրն ավարտվում է։

«Մեր գիտաժողովներին ուսանողներ էին գալիս տարածաշրջանից՝  Ադրբեջանից, Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից և Ուկրաինայից, և նստում կողք կողքի։ Քանի որ գիտության համար սահմաններ չկան»,- ասաց Միրիան Տաբիձեն։ Նա հայտնեց, որ աշխատաժողովի ընթացքում իրենց են միացել նաև Ակակի Ռուսեցկին և Ուլֆ Մայսները: Երևանում Նրանք հանդիպումներ են ունեցել գիտական ինստիտուտների ղեկավարների, ինչպես նաև պետական պաշտոնյաների հետ՝ քննարկելու ֆիզիկայի գերազանցության տարածաշրջանային կենտրոն ստեղծելու գաղափարը։ Իրենց գաղափարը նրանք կներկայացնեն նաև Թբիլիսիում։

Այս տարի դպրոցին մասնակցում են ուսանողներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից և Ռուսաստանից: Աշխատաժողովի մասնակիցների աշխարհագրությունն ավելի լայն է։ Ներկայիս դպրոցում դասախոսություններ են կարդացել առաջատար տեսական ֆիզիկոսներ Անդրեյ Միրոնովը (Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտ, Մոսկվա), Գլեբ Հարությունովը (Համբուրգի համալսարան) և հայ տեսական ֆիզիկայի ծագող աստղ Կարապետ Մկրտչյանը (Imperial College, London):

Աշխատաժողովին առաջին անգամ մասնակցում էր Ալեքսանդր Օրլովը Ռուսաստանի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտից՝ հայտնի սովետական իրավապաշտպան և դիսիդենտ Յուրի Օրլովի որդին, որը հայկական արագացուցչի (ԱՐՈՒՍ) ստեղծողներից էր։

«Թեմատիկան գրավեց,- ասաց նա,- Սա ո՛չ տեսական ֆիզիկա է, ո՛չ էլ զուտ մաթեմատիկա, այլ դրանց միակցման սահմանագծին է։ Ֆիզիկոսներն իրենց ինտուիցիայով հայտնագործություններ են կատարում մաթեմատիկայում»։ Այսպես նա նկարագրեց, թե ինչ է մաթեմատիկական ֆիզիկան։

«Դուք քիչ երիտասարդներ ունեք, իսկ ծերերը շատ լավ գիտնականներ են»,- նշեց  Սերգեյ Կրիվոնոսը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայից՝ անդրադառնալով սերնդափոխության արդիական թեմային: Նա նշեց, որ Ռուսաստանում ամեն ինչ մի փոքր ավելի լավ է, բայց այնտեղ էլ ֆիզիկայի ուսանողների մեծ արտահոսք կա ՏՏ ոլորտ։

Ի դեպ, Միջուկային Հետազոտությունների Միացյալ ինստիտուտից, որը Ներսեսյանն անվանում է «գրեթե հայկական» ինստիտուտ (այն միջպետական միջկառավարական կազմակերպություն է, և Հայաստանը մասնակից երկիր է), միջոցառմանը մասնակցել է ութ մարդ:

Աշխատաժողովի կազմակերպիչ Արմեն Ներսեսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Դուբլինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Տիգրան Չրաքյանին, որը շատ բան է արել 1990-ականներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտը պահպանելու համար:


 
 
 
 
  • Արխիվ