Կաթվածից խոսելու ունակությունը կորցրած կինը արհեստական բանականության օգնությամբ կարողացել է կրկին «խոսել»

24 օգոստոսի, 2023  22:21

Կաթվածի հետևանքով խոսքի կարողությունը կորցրած ամերիկացի մի կին նորարար իմպլանտի շնորհիվ կրկին կարողացել է «խոսել»։ Արհեստական ​​բանականությունը կնոջ ուղեղի գործունեությունը վերածել է բառերի, որոնք արտասանել և ցուցադրել է թվային ավատարը, հայտնում է New York Times-ը։

Օգոստոսի 23-ին Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի և Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ նյարդաբանության և արհեստական ​​բանականության ոլորտում զգալի առաջընթաց են գրանցել: Անդամալույծ Էն Ջոնսոնի ուղեղում ներդրված էլեկտրոդներն օգնել են վերծանել նրա ուղեղի ազդանշանները, իսկ համակարգչային ավատարն արտասանել է դրանք։

Բացի դրանից, ավատարը, ըստ ուղեղից ստացված ազդանշանների, ցուցադրել է համապատասխան ժեստեր, ժպտացել է, սեղմել է շուրթերը և դրսևորել այլ զգացմունքներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են նաև Nature ամսագրում։

Կինն ինքն է ընտրել, թե ինչպիսին պետք է լինի իր թվային ավատարը, իսկ սինթեզված խոսքի համար որպես հիմք գիտնականներն օգտագործել են կնոջ հարսանիքի ձայնագրությունը, որտեղ նա կենաց է ասում։

Իմպլանտի հիմքում ընկած տեխնոլոգիան հիմնված է կանխատեսող լեզվի մոդելի վրա, որը կանխատեսում է, թե նախադասության մեջ որ բառը կլինի հաջորդը: Առայժմ այն սխալներ է թույլ տալիս: Այնուամենայնիվ, նախադասությունների գրեթե կեսում, որոնք նա փորձել է արտասանել, համակարգը բացարձակապես ճիշտ է վերծանել յուրաքանչյուր բառ:

Ապագայում տեխնոլոգիան կարող է օգնել մարդկանց, որոնք կորցրել են խոսելու ունակությունը կաթվածի կամ այնպիսի հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են ուղեղային կաթվածը և կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը: Ներկա պահին իմպլանտը հիվանդի գլխից մալուխով է միացված համակարգչին, սակայն գիտնականներն արդեն մշակում են դրա անլար տարբերակները։

Երկու տարի առաջ գիտնականների նույն թիմը հրապարակել էր մի հետազոտություն, որտեղ Պանչո մականունով անդամալույծ տղամարդն ավելի պարզ իմպլանտի միջոցով արտասանում էր 50 հիմնական բառեր, ինչպիսիք են «բարև» և «սոված» և այլն: Բառերը համակարգչում ցուցադրվում էին որպես տեքստ: Ընդորում՝ համակարգը կարող էր վերծանել րոպեում 15-ից 18 բառ, իսկ Էն Ջոնսոնի դեպքում կիրառված նոր համակարգը կարող էր վերծանել րոպեում 78 բառ: Մարդը րոպեում արտասանում է միջինը մոտ 160 բառ:


 
 
 
 
  • Արխիվ