iPhone 16-ը նոր տեսախցիկ կստանա. ի՞նչ է հայտնի դրա մասին

18 օգոստոսի, 2023  22:20

Ապագայի ֆլագմանային սմարթֆոններ iPhone 16 Pro-ը և iPhone 16 Pro Max-ը, կունենան 48 ՄՊ լայնանկյուն ոսպնյակներ, ինչը iPhone-ի տեսախցիկների էվոլյուցիայի հաջորդ փուլը կդառնա: Նման կանխատեսում է արել Haitong International Securities (HIS) վերլուծաբան Ջեֆ Պուն։  

«2024-ի iPhone 16 Pro և iPhone 16 Pro Max մոդելները կստանան Wi-Fi 7 աջակցություն և թարմացված 48 ՄՊ ուլտրալայն տեսախցիկի ոսպնյակներ»,- ասել է վերլուծաբանը:

MacRumors-ի տվյալներով՝ Pro-սմարթֆոնները հաջորդ տարի կստանան երեք ոսպնյակ՝ երկուսը 48 ՄՊ լուծաչափով, մյուսը՝ 12 ՄՊ։

Ներկայումս iPhone 14 շարքի ֆլագմանները՝ iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ը, ունեն երեք տեսախցիկ. հիմնական ոսպնյակն ունի 48 ՄՊ լուծաչափ, իսկ մյուս երկուսը 12 ՄՊ։

Մասնագետները կարծում են, որ բարելավված լայնանկյուն սենսորը տեսախցիկին թույլ կտա ավելի շատ լույս կլանել և ավելի շատ դետալներ ֆիքսել, ինչի արդյունքում էլ ավելի որակյալ լուսանկարներ կստացվեն։

Օգոստոսի սկզբին վերլուծաբան Մինգ-Չի Կուոն պնդում էր, որ iPhone 16 սմարթֆոնների ամբողջ բազային շարքի հիմնական տեսախցիկը ևս բազմաշերտ սենսոր կստանա:

Հեղինակավոր ինսայդեր Digital Chat Station-ն իր հերթին պնդում է, որ iPhone 16 Pro Max-ը համալրված կլինի պերիսկոպի տեսախցիկով, ինչը զգալիորեն կբարելավի խոշորացման որակը։ Տեսախցիկի ֆոկուսի հեռավորությունը կկազմի ավելի քան 300 միլիմետր։ Ներկայիս ֆլագմանային iPhone 14 Pro Max-ի համեմատ, որն ունի 77 միլիմետր ֆոկուսի հեռավորություն, սա լուրջ աճ է` գրեթե չորս անգամ։


 
 
 
 
  • Արխիվ