Մոնղոլիայում հնարավոր է մարսյան առաքելությունների համար ուսկենտրոններ ստեղծվեն. Մասկը երկրի վարչապետի հետ քննարկում է ունեցել

2 օգոստոսի, 2023  14:15

Գոբի անապատի մոնղոլական հատվածում կարող են ստեղծվել ուսումնական կենտրոններ, որտեղ մասնագետներ կվերապատրաստվեն Մարս առաքելությունների համար։ Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն և ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը քննարկել են այս հնարավորությունը և դրա հեռանկարները։

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Կարմիր մոլորակի մակերեսին Գոբի անապատի տեղանքի նմանության շնորհիվ նման կենտրոնը կարող է իսկապես արդյունավետ լինել։

Առաքելություն. նվաճել Մարսը

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը վաղուց է երազում Մարսը նվաճելու մասին։ Մարսը SpaceX-ի բազմաթիվ նախագծերի գլխավոր նպատակակետերից մեկն է։ Այսպես, ընկերությունը վերջերս իրականացրել է Starship 25 տիեզերանավի նախատիպի շարժիչների ստատիկ կրակային փորձարկում, որից հետո Մասկը թվիթերում գրել է, որ տիեզերանավի փորձարկումները «նախերգանքն են դեպի Մարս» և «կարևոր հանգրվան երկրորդ թռիչքի համար»: Ամենայն հավանականությամբ, հենց Starship-ի տիեզերանավերը կօգտագործվեն դեպի Լուսին և Մարս ապագա առաքելություններում:

Դեռևս դժվար է ասել, թե թռիչքները դեպի Մարս երբ իրականություն կդառնան, բայց փաստ է, որ այսօր շատ մասնագետներ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։

Մասկի երազանքներն ու հետաքրքրությունը տիեզերական ճանապարհորդությունների նկատմամբ, կարծես, կիսում է Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն։ Մոնղոլիայի հետ Մասկին պատկանող ընկերության հնարավոր համագործակցությունն ուսումնական կենտրոններ հիմնելու համար կարող է կարևոր քայլ դառնալ այս նպատակին հասնելու համար։

Մոնղոլիան և Մարսը

Մոնղոլիայի հարավում գտնվող Գոբի անապատի տեղանքը յուրահատուկ միջավայր է, որը նման է Մարս մոլորակի պայմաններին: Նման տարածքում ուսումնական կենտրոնը տիեզերագնացներին հնարավորություն կտա ձեռք բերել փորձ, որը մոտ է Կարմիր մոլորակ ապագա առաքելության իրական պայմաններին։ Այդ իսկ պատճառով Մարսի ապագա հետազոտողների համար նախատեսված ուսումնական կենտրոն ստեղծելու համար այս անապատը կարծես իդեալական ընտրություն է։

Եթե ​​Մոնղոլիայում ուսումնական կենտրոններ ստեղծելու ծրագրերը կյանքի կոչվեն, երկիրը կարող է եզակի հնարավորություն ստանալ՝ մասնակցելու դեպի Մարս առաքելությունների համար տիեզերագնացների վերապատրաստմանը։ Այն կարող է նաև օգնել՝ գրավելու միջազգային հանրության ուշադրությունը և զարգացնելու տիեզերական արդյունաբերությունը տարածաշրջանում:

Ի դեպ, Հայաստանը նույնպես կարող է կարևոր դեր խաղալ դեպի Մարս թռիչքներին մասնագետներ պատրաստելու հարցում։ Ավստրիական տիեզերական ֆորումը (Österreichisches Weltraum Forum, OeWF) նախատեսում է 2024-ի մարտին Հայաստանում իրականացնել AMADEE-24 անունով սիմուլյացիա։ Սիմուլյացիայի շրջանակում երկու կնոջից և չորս տղամարդուց բաղկացած անձնակազմը մեկ ամսվա ընթացքում կանի նույն բանը, ինչն արվելու է Կարմիր մոլորակ իրական թռիչքի ժամանակ: Մասնագետները նաև կփորձարկեն սարքավորումներում օգտագործվող նյութերը, վերլուծություններ կանցկացնեն և համակարգերում թերություններ կփնտրեն:

Մոնղոլիայի հետ Մասկի համագործակցության հեռանկարները

Բացի Մարս առաքելությունների համար ուսումնական կենտրոնների վերաբերյալ քննարկումից, Մասկի և Օյուն-Էրդենեի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Մոնղոլիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Tesla-ի մասնաճյուղի բացմանը երկրում՝ խոստանալով ապահովել բարենպաստ հարկային և իրավական պայմաններ։ Նաև պահանջ է ներկայացվել սկսելու Tesla-ի արտադրանքի արտադրության հիմնական բաղադրիչներ հանդիսացող պղնձի և հազվագյուտ հողային տարրերի միասնական օգտագործման վերաբերյալ հետազոտություններ։


 
 
 
 
  • Արխիվ