Գոբի անապատի մոնղոլական հատվածում կարող են ստեղծվել ուսումնական կենտրոններ, որտեղ մասնագետներ կվերապատրաստվեն Մարս առաքելությունների համար։ Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն և ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը քննարկել են այս հնարավորությունը և դրա հեռանկարները։
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Կարմիր մոլորակի մակերեսին Գոբի անապատի տեղանքի նմանության շնորհիվ նման կենտրոնը կարող է իսկապես արդյունավետ լինել։
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը վաղուց է երազում Մարսը նվաճելու մասին։ Մարսը SpaceX-ի բազմաթիվ նախագծերի գլխավոր նպատակակետերից մեկն է։ Այսպես, ընկերությունը վերջերս իրականացրել է Starship 25 տիեզերանավի նախատիպի շարժիչների ստատիկ կրակային փորձարկում, որից հետո Մասկը թվիթերում գրել է, որ տիեզերանավի փորձարկումները «նախերգանքն են դեպի Մարս» և «կարևոր հանգրվան երկրորդ թռիչքի համար»: Ամենայն հավանականությամբ, հենց Starship-ի տիեզերանավերը կօգտագործվեն դեպի Լուսին և Մարս ապագա առաքելություններում:
Դեռևս դժվար է ասել, թե թռիչքները դեպի Մարս երբ իրականություն կդառնան, բայց փաստ է, որ այսօր շատ մասնագետներ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։
Մասկի երազանքներն ու հետաքրքրությունը տիեզերական ճանապարհորդությունների նկատմամբ, կարծես, կիսում է Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն։ Մոնղոլիայի հետ Մասկին պատկանող ընկերության հնարավոր համագործակցությունն ուսումնական կենտրոններ հիմնելու համար կարող է կարևոր քայլ դառնալ այս նպատակին հասնելու համար։
Մոնղոլիայի հարավում գտնվող Գոբի անապատի տեղանքը յուրահատուկ միջավայր է, որը նման է Մարս մոլորակի պայմաններին: Նման տարածքում ուսումնական կենտրոնը տիեզերագնացներին հնարավորություն կտա ձեռք բերել փորձ, որը մոտ է Կարմիր մոլորակ ապագա առաքելության իրական պայմաններին։ Այդ իսկ պատճառով Մարսի ապագա հետազոտողների համար նախատեսված ուսումնական կենտրոն ստեղծելու համար այս անապատը կարծես իդեալական ընտրություն է։
Եթե Մոնղոլիայում ուսումնական կենտրոններ ստեղծելու ծրագրերը կյանքի կոչվեն, երկիրը կարող է եզակի հնարավորություն ստանալ՝ մասնակցելու դեպի Մարս առաքելությունների համար տիեզերագնացների վերապատրաստմանը։ Այն կարող է նաև օգնել՝ գրավելու միջազգային հանրության ուշադրությունը և զարգացնելու տիեզերական արդյունաբերությունը տարածաշրջանում:
Ի դեպ, Հայաստանը նույնպես կարող է կարևոր դեր խաղալ դեպի Մարս թռիչքներին մասնագետներ պատրաստելու հարցում։ Ավստրիական տիեզերական ֆորումը (Österreichisches Weltraum Forum, OeWF) նախատեսում է 2024-ի մարտին Հայաստանում իրականացնել AMADEE-24 անունով սիմուլյացիա։ Սիմուլյացիայի շրջանակում երկու կնոջից և չորս տղամարդուց բաղկացած անձնակազմը մեկ ամսվա ընթացքում կանի նույն բանը, ինչն արվելու է Կարմիր մոլորակ իրական թռիչքի ժամանակ: Մասնագետները նաև կփորձարկեն սարքավորումներում օգտագործվող նյութերը, վերլուծություններ կանցկացնեն և համակարգերում թերություններ կփնտրեն:
Բացի Մարս առաքելությունների համար ուսումնական կենտրոնների վերաբերյալ քննարկումից, Մասկի և Օյուն-Էրդենեի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Մոնղոլիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Tesla-ի մասնաճյուղի բացմանը երկրում՝ խոստանալով ապահովել բարենպաստ հարկային և իրավական պայմաններ։ Նաև պահանջ է ներկայացվել սկսելու Tesla-ի արտադրանքի արտադրության հիմնական բաղադրիչներ հանդիսացող պղնձի և հազվագյուտ հողային տարրերի միասնական օգտագործման վերաբերյալ հետազոտություններ։