Նոր գործառույթ YouTube-ում. հարթակը կարող է կարճ պատմել տեսանյութի բովանդակության մասին

2 օգոստոսի, 2023  10:20

YouTube-ը գործարկել է փորձնական գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս տեսանյութի մասին համառոտ տեքստային նկարագրություն ստանալ՝ առանց այն դիտելու: Ինչպես նշում է -ը, նորամուծության նպատակն է բարելավել օգտատերերի փորձառությունը և բարձրացնել տեսանյութերի որոնման արդյունավետությունը ըստ հետաքրքրությունների։

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս գործառույթը և ինչպես է այն աշխատում

Օգտատերը կկարողանա ստանալ տեսանյութի մասին տեքստային ամփոփ նկարագրություն, որպեսզի կարողանա արագ ծանոթանալ տեսանյութի բովանդակությանը՝ առանց այն դիտելու վրա ժամանակ կորցնելու։

Տեքստային ամփոփ նկարագրությունների ստեղծման համար կիրառվում է արհեստական ​​բանականություն, որն ավտոմատ կերպով ամփոփ նկարագրություններ է ստեղծում այն տեսանյութերի համար, որոնք երևում են մեկնարկային էջում կամ որոնք ստացվում են որոնման արդյունքում։ Նորարարության հիմքում ընկած տեխնոլոգիան, ամենայն հավանականությամբ, հիմնված է չատբոտերի վրա, ինչպիսիք են Google Bard-ը և ChatGPT-ն, որոնք ունակ են տարբեր թեմաներով տեքստեր ստեղծել:

Ո՞ր լեզուներով է աշխատում գործառույթը

Այս պահին նոր գործառույթն աշխատում է միայն անգլերեն տեսանյութերի դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ մշակողները, հավանաբար, նախ փորձարկում են գործառույթը սահմանափակ լսարանի հետ՝ գնահատելու դրա արդյունավետությունն ու ճշգրտությունը:

Փորձարկման փուլ և հասանելիություն

Գործառույթն սկսվել է որպես փորձ և 2023-ի օգոստոսի 1-ից հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի։ Առայժմ ոչ մի տեղեկություն չկա փորձի ավարտի և այլ լեզուներով դրա ընդլայնման ճշգրիտ ժամկետների մասին։ Հաջող թեստավորման և օգտատերերի դրական արձագանքի դեպքում YouTube-ն, անշուշտ, կգործարկի այս գործառույթը հարթակի հանրային տարբերակում։

YouTube-ի այլ նորամուծություններ

Այս տարվա հունիսին YouTube-ն ավելացրեց ևս մեկ գործառույթ, որն օգտագործում է արհեստական ​​բանականությունը օգտատերերի կողմից ստեղծված տեսանյութերում տարբեր լեզուներով ենթագրեր ստեղծելու համար։

Մեկ այլ հետաքրքիր և օգտակար հատկանիշ, որը վերջերս է ներկայացվել, կոչվում է Stable Volume (կայուն ձայն – անգլ․): Այն հավասարեցնում է տեսանյութերի ձայնի մակարդակը, հարթեցնում է ճիչերի կամ ֆոնային ձայների դեպքում ձայնի չափազանց բարձրակետերը, ինչպես նաև ուժեղացնում է տեսանյութերի չափազանց ցածր հատվածները: Այսպիսով, նոր գործառույթը թույլ է տալիս ապահովել ավելի հարմարավետ և հավասարակշռված աուդիո փորձառություն YouTube հարթակում՝ առանց նվագարկման ընթացքում ձայնի բարձրությունն ինքնուրույն կարգավորելու անհրաժեշտության:


 
 
 
 
  • Արխիվ