Նոր iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի դեֆիցիտ է սպասվում. ինչպե՞ս և ինչո՞ւ

21 հուլիսի, 2023  17:28

Apple ընկերությունն անսպասելի դժվարությունների է բախվել iPhone 15 Pro և 15 Pro Max սմարթֆոնների էկրանների արտադրության հարցում, որոնք նախատեսվում է թողարկել այս աշնանը: Ինչպես նշում է The Information-ը, վաճառքի մեկնարկի ժամանակ այս դժվարությունները կարող են սարքերի դեֆիցիտի հանգեցնել։ 

Նոր սմարթֆոնների էկրանների դիզայնը փոխել են, որպեսզի դրանց շրջանակների չափերը կրճատվեն։ Սակայն դրա պատճառով LG Display ընկերությունը, որը պատասխանատու է էկրանների արտադրության համար, անսպասելիորեն դժվարությունների է բախվել։

LG էկրանները սովորաբար ամրության թեստ չեն անցնում, երբ դրանք տեղադրվում են սմարթֆոնների մետաղական պատյանում: Apple-ը, սակայն, այժմ LG-ի էկրանների դիզայնում ճշգրտումներ է կատարում, որպեսզի դրանք համապատասխանեն որակի պահանջվող չափանիշներին:

Հետաքրքիր է, որ iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի մեկ այլ մատակարար՝ Samsung-ը, նման դժվարություններ չի ունենում և կարող է առանց որևէ խոչընդոտի էկրաններ մատակարարել սարքի հավաքման համար:

Ըստ The Information-ի՝ Apple-ը չի հետաձգի iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի թողարկումը՝ չնայած էկրանների արտադրության հետ կապված դժվարություններին։ Բայց սա նշանակում է, որ վաճառքի սկզբնական շրջանում առկա սարքերի քանակը կարող է սահմանափակ լինել: Ամենայն հավանականությամբ, ամենամեծ պակասը կզգացվի iPhone 15 Pro Max մոդելի դեպքում։

Ակնկալվում է, որ iPhone 15 շարքի ամենաթանկ մոդելը՝ iPhone 15 Pro Max-ը, շատ ավելի թանկ կլինի, քան iPhone 14 շարքի ամենաթանկ մոդելը՝  iPhone 14 Pro Max-ը, որի գինն սկսվում էր 1099 դոլարից, երբ այն թողարկվեց 2022-ի աշնանը: Ճիշտ է, դեռ չի հստակեցվում, թե որքան կարժենա նոր սմարթֆոնը։

Արդեն տեղեկություններ կան նաև այն մասին, թե ինչպիսի տեսք կունենան iPhone 15 Pro-ը և 15 Pro Max-ը. ցանցում արդեն կան ռենդերներ վստահելի աղբյուրներից: Բացի դրանից, iPhone 15 Pro-ի դիզայնի մասին արդեն կարելի է կռահել պատյանների առաջին «կենդանի» լուսանկարներից և տեսանյութերից։ 


 
 
 
 
  • Արխիվ