Threads-ն արդեն 50 մլն օգտատեր ունի և արագ աճում է, մինչ Մասկը Meta-ին մեղադրում է խարդախության մեջ

7 հուլիսի, 2023  18:19

Meta ընկերության մշակած և ընդամենը երեկ գործարկված Threads սոցիալական ցանցը, որը Twitter-ի անալոգն է, շատ արագ լսարան է ձեռք բերում։ Ըստ The Verge-ի աղբյուրների՝ նոր ծառայության օգտատերերի թիվն արդեն գերազանցել է 50 միլիոն մարդն ու դեռ շարունակում է նույնկերպ աճել, մինչ Twitter-ի ղեկավարը Meta-ին մեղադրում է խարդախության մեջ։

Պարբերականը նշում է, որ հաշվի առնելով այն, որ Threads-ը, ըստ էության, Twitter սոցիալական ցանցի անալոգն է, վերջինիս ղեկավարությունը պետք է լրջորեն մտահոգվի։ Բանն այն է, որ 2022-ի նոյեմբերի դրությամբ Twitter-ի ակտիվ լսարանը, ըստ Իլոն Մասկի՝ մի փոքր գերազանցել է 250 միլիոնի սահմանը, և եթե Threads-ը զարգանա նման արագ տեմպերով, ապա Twitter-ին լուրջ խնդիրներ են սպասվում։

Հատկանշական է, որ Threads-ի օգտատեր դառնալը շատ հեշտ է․ բավական է ունենալ Instagram-ի օգտահաշիվ, որի ակտիվ լսարանը գերազանցում է 2 միլիարդը։ Շատ հավանական է, որ Meta-ն բաց չթողնի նման հսկայական ռեսուրսից օգտվելու հնարավորությունը։

Հարկ է նշել, որ Threads-ի և Instagram-ի ինտեգրումն իրականացվում է շատ խելամտորեն. օգտատերը կարող է գրանցվել Threads-ում՝ օգտագործելով Instagram-ը, սակայն եթե հանկարծ ցանկանա ջնջել օգտահաշիվը, ապա կջնջվի նաև Instagram-ի այն օգտահաշիվը, որը նա ունի արդեն տարիներ շարունակ։ Այսինքն՝ Instagram-ի միջոցով Threads-ում գրանցման հետ կապված ցանկացած փորձարկում այս ծառայության օգտագործողին անորոշ ժամանակով դարձնում է նոր ցանցի հարկադիր օգտատեր։

Twitter-ն արդեն ահազանգում է. ընկերությունը խոստացել է դատի տալ Meta-ին իր նոր արտադրանքի մշակման մեջ մտավոր սեփականության խախտումներ թույլ տալու և Twitter-ի նախկին աշխատակիցների աշխատանքի ընդունելու համար, որոնք հասանելիություն են ունեցել Twitter-ի գաղտնի տվյալներին: Թեև Meta-ն հերքում է, թե նման ծրագրավորողների աշխատանքի է ընդունել, LinkedIn-ի տվյալները հակառակն են հուշում։

Ավելին Իլոն Մասկը քննադատել է Threads-ի ծրագրավորողներին՝ ընկերությանը մեղադրելով խարդախության մեջ։ «Մրցակցությունը լավ է, իսկ խարդախությունը՝ ոչ»,- Twitter-ի իր էջում գրել է Մասկը։

Մասկի գրառումը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 14 միլիոն դիտում, գրեթե 260,000 հավանում և մոտ 10,000 մեկնաբանություն։ Մեկնաբանների զգալի մասը պաշտպանել է SpaceX-ի և Tesla-ի ղեկավարների քննադատությունը։


 
 
 
 
  • Արխիվ