Twitter-ը Threads հավելվածի համար սպառնում է դատի տալ Meta-ին. Semafor

7 հուլիսի, 2023  00:55

Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին դրա նոր Threads հավելվածի համար, հայտնում է Semafor պարբերականը։

Semafor-ի հրապարակած՝ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ուղղված նամակում Twitter-ի իրավաբանն ասում է, որ ընկերությունը «լուրջ մտավախություններ ունի, որ Meta Platforms-ը (Meta) զբաղվում է Twitter-ի առևտրային գաղտնիքների և այլ մտավոր սեփականության համակարգված, կանխամտածված և անօրինական յուրացումներով:

«Twitter-ը մտադիր է խստորեն հետևել իր մտավոր սեփականության իրավունքներին և Meta-ից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Twitter-ի առևտրային գաղտնիքների կամ այլ խիստ կոնֆիդենցիալ տեղեկատվության օգտագործումը դադարեցնելու համար», - գրել է փաստաբան Ալեքս Սպիրոն:

Meta-ն այսօր պաշտոնապես գործարկել է նոր Threads հավելվածը: Այն կարճ հաղորդագրությունների սոցիալական ցանց է, որը նման է Twitter-ին։

Ավելի քան հինգ միլիոն մարդ գրանցվել է Threads նոր հավելվածի համար դրա գործարկումից ընդամենը մի քանի ժամ անց, ծառայության էջում գրել է Մարկ Ցուկերբերգը:

Նոր հավելվածը շատ նման է Twitter-ին, թեև որոշ ձևակերպումներ փոխվել են, օրինակ՝ retweet-ը կոչվում է «repost», իսկ թվիթը՝ «thread»: Threads-ում գրառումները կարող են ունենալ մինչև 500 նիշ երկարություն։ Համեմատության համար նշենք, որ Twitter-ի օգտատերերի մեծ մասի համար դա 280 սիմվոլ է: Այստեղ օգտատերերը կարող են տեղադրել մինչև հինգ րոպե տևողությամբ տեսանյութեր: Օգտատերերը կարող են չեղարկել բաժանորդագրությունը, արգելափակել, սահմանափակել հաղորդագրությունները, ֆիլտրել պատասխանները կոնկրետ բառերով: Նոր սոցցանցը հասանելի է ավելի քան 100 երկրում։


 
 
 
 
  • Արխիվ