Թողարկվել է Firefox 106-ը. ի՞նչ նորություններ կան բրաուզերի այս տարբերակում

19 հոկտեմբերի, 2022  16:20

Mozilla-ն հայտարարել է Firefox 106 բրաուզերի թողարկման մասին: Թարմացված բրաուզերն ունի Firefox View աջակցություն՝ ներդիրների բարելավված կառավարման համար, PDF խմբագրման գործառույթ, և macOS-ում տեքստի ճանաչման և էքստրակցիայի հնարավորություններ: 

Նոր տարբերակում շտկվել են նաև անվտանգության խնդիրները․ Firefox 106-ում վերացրվել են ութ խոցելի կետեր (որոնցից երկուսը համարվում էր վտանգավոր)։

Ի՞նչն է նոր Firefox 106-ում

  • Բրաուզերում ավելացվել է «Firefox View» կոճակը, որը կհեշտացնի հասանելիությունը նախկինում դիտված ներդիրներին: Կոճակը սեղմելու դեպքում բացվում է ծառայողական էջը՝ նախորդիվ փակված ներդիրների ցանկով և այլ սարքերով ներդիրները դիտելու ինտերֆեյսով: 

firefox-106

  • Կայքերն անձնական ռեժիմով դիտելու պատուհանի դիզայնը փոխվել է. այժմ ավելի դժվար կլինի այն շփոթել սովորական ռեժիմի հետ: Անձնական ռեժիմի պանելը մուգ ֆոն ունի, ավելացվել է նաև տեքստային բացատրություն:

firefox-106

  • Firefox View էջում ավելացվել է բրաուզերի արտաքին տեսքը փոխելու հնարավորություն, որն արվում է ներկառուցված Colorways ֆունկցիայի միջոցով: Օգտատերերը հնարավորություն կունենան ընտրել վեց գունային թեմաներից մեկը՝ երանգի երեք տարբերակով: Եվս 18 նոր գույն հասանելի կլինի մինչև 2023 թ․ հունվարի 16-ը։

firefox-106-2

  • PDF ֆորմատի ֆայլեր դիտարկելու համար բրաուզերում ավելացվել է խմբագրման ռեժիմը: Այս ֆայլերում այժմ հնարավոր կլինի նաև նկարել գրաֆիկական պիտակներ և կցել տեքստային մեկնաբանություններ:

  • Windows-ի օգտատերերի համար ավելացվել է Firefox-ը ավտոմատ կերպով որպես PDF ֆորմատի փաստաթղթերի բրաուզեր օգտագործելու հնարավորությունը:

  • Ավելացվել է պատկերների վրայի տեքստի ճանաչման ֆունկցիա. այժմ տեքստը կարող է հանվել (էքստրակցիա) էջում տեղադրված նկարներից և տեղադրվել clipboard-ում: Խոսքի սինթեզատորի միջոցով այն կարող է նաև հնչյունավորվել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սակայն առայժմ այս ֆունկցիան հասանելի է միայն macOS 10.15 և ավելի բարձր օպերացիոն համակարգերում: MacOS15-ում այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն անգլերենով, սակայն macOS 11.0-ի և ավելի թարմ օպերացիոն համակարգերում՝ նաև այլ լեզուներով։

firefox-106

  • Wayland-ով Linux օգտագործողներն այժմ էջերի միջով հետ կամ առաջ կարող են նավարկել սենսորային վահանակի վրա մատը սահեցնելով։
  • Ավելացվել է Windows 10-ում և 11-ում անձնական ռեժիմով դիտարկման վահանակի պատուհանները՝ ամրացնելու հնարավորությունը:
  • Բարելավված WebRTC աջակցություն:

Նշենք, որ Mozilla-ն սեպտեմբերի վերջին թողարկել է Firefox 105 տարբերակը, որում շտկվել են 13 խոցելի կետեր, որոնցից 9-ը համարվում են վտանգավոր։ Իսկ Firefox 107 տարբերակի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 15-ին:


 
 
 
 
  • Արխիվ