Մենք պետք է հայկական արհեստական բանականությունը բրենդ դարձնենք. Պերճ Այվազյան

23 հունիսի, 2023  16:08

Արհեստական բանականությունը մշտապես Հայաստանի բարձր տեխնոլոգիաների մաս է կազմել, և ժամանակն է, որ մենք այն բրենդ դարձնենք, այս մասին Orion Summit 2023-ի շրջանակում միջոցառման ինֆորմացիոն գործընկեր NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Wireless 20/20 ընկերության ավագ վերլուծաբան և խորհրդատու Պերճ Այվազյանը։

«Հայաստանն արդեն առաջատար է բարձր տեխնոլոգիաների ոլորտում և արհեստական բանականությունը մշտապես մեր բարձր տեխնոլոգիաների մասն է եղել։ Ավելի քան տասը տարի մենք արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններ ենք աճեցրել։ Հայաստանն արդեն քայլ է անում առաջ և ցուցադրում իր առաջնորդությունն այս ոլորտում»,- ասաց նա։

Պերճ Այվազյանի խոսքով՝ իրենք աշխատելու են Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Էկոնոմիկայի նախարարությունների հետ՝ հաստատելու Հայաստանի առաջնորդությունը այս ինդուստրիան կազմակերպելու հարցում, որպեսզի Հայաստանը հայտնի դառնա նաև դրանով։ «Հայաստանը պետք է ամենալավ վայրը լինի արհեստական բանականության զարգացման համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այսօր արհեստական բանականությամբ գործող գործիքները մի շարք հարցեր են առաջացրել դրանց տրամադրած ինֆորմացիայի հավաստիության առումով, և հիմա բոլորը մտահոգված են, որ պետք է կարգավորումներ մտցնել արհեստական բանականության ոլորտում։ Հենց այստեղ էլ, ըստ նրա, Հայաստանն անելիք ունի, քանի որ կարող է լուծել առկա խնդիրները։

«Պարտադիր չէ, որ արհեստական բանականության պլատֆորմի ինֆորմացիայի աղբյուրը բաց համացանցը լինի, կարելի է ստեղծել շատ դիպուկ թիրախավորում ունեցող, լավ ուսուցանված ալգորիթմներ, որոնք կապակցված են կորպորատիվ տվյալների հետ, որոնք շատ մանրազնին կերպով հավաքվել և վերլուծվել են, ինչի շնորհիվ ստացվող պատասխանները լավն են։ Եվ մենք պետք է սկսենք բրենդավորել հայկական սերտիֆիկացում անցած արհեստական բանականությունը։ Դա հետաքրքիր կլինի, այդպես չէ՞»,- նշեց նա։

Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ արհեստական բանականությունը երբևէ ամբողջությամբ փոխարինի մարդկային բանականությանը, Պերճ Այվազյանը պատասխանում է, որ դա չէ արհեստական բանականության նպատակը, այն չի փոխարինում մարդուն, պարզապես գործիք է, որը մարդուն դարձնում է ավելի կարողունակ։

«Ամենաարդյունավետ գործիքն է, այն զենք չէ, և ոչ էլ մարդու բանականությանը փոխարինող ինչ-որ բան։ Իրականում արհեստական բանականության միջոցով ավելի շատ աշխատատեղեր կստեղծվեն, քան դրա հետևանքով մարդկային աշխատուժը կդառնա ոչ պիտանի։ Պարզապես անհրաժեշտ կլինի, որպեսզի մարդիկ վերապատրաստվեն և արհեստական բանականությունն օգտագործեն այլ կերպ։ Ամենաշատը կշահեն նրանք, ովքեր կկարողանան ավելի արդյունավետ կերպով օգտագործել արհեստական բանականությունը»- բացատրում է նա։


 
 
 
 
  • Արխիվ