Աղջիկն իր ռեզյումեն թարմացրել է ChatGPT-ի օգնությամբ, ինչից հետո բոլոր գործատուները նրան հրավիրել են հարցազրույցի

23 հունիսի, 2023  12:35

Լիա անունով TikTok-ի օգտատերը (@leah_sahdam) հետևորդներին պատմել է, թե ինչպես է արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտն օգնել իրեն ռեզյումեն թարմացնելու հարցում, ինչից հետո նա դրական արձագանք է ստացել «բացարձակապես բոլոր գործատուներից», այս մասին հայտնում է Daily Dot-ը։

Աղջիկը պատմել է, որ վերջերս հանկարծակիորեն ազատվել է աշխատանքից, ինչից հետո երեք ամիս չի կարողացել նոր աշխատանք գտնել։ Այդ ընթացքում նա դիմել է ավելի քան 300 աշխատանքի համար, սակայն գործատուների միայն 10%-ից է պատասխան ստացել:

Անհաջողությունից հոգնած՝ Լիան որոշել է վերափոխել իր ռեզյումեն ChatGPT-ի օգնությամբ: Նա չատբոտին խնդրել է իրեն տալ հարցեր, որոնք սովորաբար տրվում են աշխատանքի հարցազրույցների ժամանակ, որպեսզի իր ռեզյումեն նախապես համալրվի ճիշտ փաստերով: Աղջիկը վերամշակված ռեզյումեն ուղարկել է բոլոր հետաքրքրված գործատուներին, և նրանք բոլորն էլ նրան հրավիրել է հարցազրույցի։

«Ահա, թե ինչպես եմ ես օգտագործել արհեստական բանականությունը յուրաքանչյուր աշխատանքի համար պատասխան ստանալու նպատակով, ներառյալ այն մեկը, որի համար նախկինում չորս անգամ դիմել եմ, բայց մերժվել եմ»,- ասել է նա։

ChatGPT-ի հետ այս փորձից հետո տասը օր շարունակ աղջիկը հարցազրույցների է հրավիրվել բոլոր ընկերություններում, որոնց դիմել էր։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին բրիտանացի մի ուսանող ChatGPT-ի օգնությամբ վիճարկել էր սխալ կայանման համար տուգանքը, որը նշանակել էին Յորքի քաղաքային իշխանությունները և հասել նրան, որ այն չեղարկվի։


 
 
 
 
  • Արխիվ