Արեգակի վրա 2 ուժեղ բռնկում է տեղի ունեցել. ի՞նչ խնդիրներ են դրանք առաջացրել Երկրի վրա

20 հունիսի, 2023  10:21

Հունիսի 19-ին Արեգակի վրա երկու ուժեղ բռնկում է տեղի ունեցել, որոնք հանգեցրել են Երկրի վրա կարճ ալիքների ռադիոհաղորդակցության մասնակի խափանման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի Հելիոգեոֆիզիկական ծառայությանը։

«Հունիսի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 06:37-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.4 (S12E89) բռնկում՝ 21 րոպե տևողությամբ, Մոսկվայի ժամանակով 15:14-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.1 (S12E81) բռնկում՝ 12 րոպե տևողությամբ: Բռնկումներն ուղեկցվել են կարճ ալիքի ռադիոկապի խաթարմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ներկայում Երկրի իոնոլորտի վրա արեգակնային ռենտգենյան բռնկումների ազդեցությունը հինգ մակարդակ ունեցող սանդղակով (որտեղ R5-ը առավելագույնն է, իսկ R1-ը՝ ամենաթույլը) համապատասխանում է R1 մակարդակին։ Նման ազդեցության դեպքում կարող են նկատվել ցածր հաճախականության ռադիոկապի խանգարումներ, որոնք կարող են ազդել նավերի և օդանավերի գտնվելու վայրի որոշման վրա:

Հիշեցնենք, որ Արեգակի վրա բռնկումները բավականին հաճախ են տեղի ունենում, և դրանցից ամենահզորները կարող են մեծ ազդեցություն ունենալ Երկրի վրա: Ավելին, որոշ գիտնականներ կարծում են, որ հիպերակտիվ երիտասարդ Արեգակի վրա «գերբռնկումների» շնորհիվ է ժամանակին Երկրի վրա առաջացել կյանքը։

Ինչ վերաբերում է ավելի «համեստ» բռնկումներին, ապա, օրինակ՝ այս տարվա փետրվարին Արեգակի վրա բռնկում է տեղի ունեցել, որի պատճառով Երկրի որոշ հատվածներում ռադիոհաղորդակցություններն ընդհատվել են։

Արեգակի վրա մեկ այլ պայթյուն տեղի է ունեցել մարտին, որի ժամանակ տիեզերք է արտանետվել «մուգ պլազմա»՝ առաջացնելով G2 գեոմագնիսական փոթորիկ, որը համարվում է չափավոր։ Դա իր հերթին հանգեցրել է ռադիոհաղորդակցության խափանումների Երկրի բևեռներին մոտ գտնվող շրջաններում։

Այս իրադարձությունից ընդամենը մի քանի օր անց տեղի է ունեցել X դասի նոր հզոր բռնկում, որի ընթացքում Երկրի լուսավորված կողմում բարձր հաճախականության ռադիոհաղորդակցությունները կտրուկ վատթարացել են, իսկ որոշ տեղերում դրանք ամբողջովին կորել են։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ