Եվրոպան արգելում է նոութբուքների վաճառքը, որոնց մարտկոցները չեն փոխարինվում

16 հունիսի, 2023  14:25

Եվրոպական միության խորհրդարանը նոր հրահանգ է ընդունել, որն արգելում է այն նոութբուքների վաճառքը ԵՄ տարածքում, որոնց մարտկոցները չեն կարող փոխարինվել։

Ինչպես տեղեկացնում է ComputerBase-ը, նոր օրենքը, որն ուղղված է նոութբուքների շահագործման ժամկետի երկարացմանն ու էկոլոգիապես վնասակար էլեկտրոնային թափոնների քանակի կրճատմանը, ուժի մեջ կմտնի ընդունումից միայն երեքուկես տարի անց։

Փաստաթղթում նշվում է, որ շարժական սարքերը պետք է նախագծվեն այնպես, որ սպառողները կարողանան ինքնուրույն հանել և փոխարինել մարտկոցները։

Եվրախորհրդարանի նոր պահանջը կդժվարացնի գրեթե բոլոր նոութբուք արտադրող ընկերությունների կյանքը, քանի որ դրանք բոլորն ունեն մոդելներ, որոնց մարտկոցները հնարավոր չէ փոխել, այդ թվում՝ բարակ ուլտրաբուքներ, որոնց մարտկոցները սոսնձվում են սարքի կորպուսին։ Շատ դեպքերում նման մարտկոցները հնարավոր է փոխարինել, սակայն դա կարող են անել միայն սպասարկման կենտրոնների մասնագետները:

Նոր պահանջը դեռ չի տարածվում սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վրա։ Սակայն, հնարավոր է, որ ապագայում նոր կանոններն ազդեն նաև դրանց վրա։


 
 
 
 
  • Արխիվ