Սմարթֆոնների և այլ սարքերի մարտկոցները պետք է հեշտությամբ փոխարինելի լինեն. ԵՄ-ն նոր օրենք է մշակում

23 դեկտեմբերի, 2022  10:31

Սմարթֆոնների և այլ սարքերի արտադրողները պետք է մարտկոցներին «հեշտ» հասանելիություն ապահովեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործողները կարողանան ինքնուրույն փոխարինել դրանք: Նման պահանջ, ի թիվս այլ բաների, կհայտնվի էլեկտրոնային մարտկոցների շրջանառության վերաբերյալ ԵՄ նոր կանոններում։ Գործող կանոնները նախատեսվում է վերանայել՝ հաշվի առնելով «տեխնոլոգիական զարգացումները և ապագա մարտահրավերները»։

Նոր կանոնները կվերաբերեն մարտկոցների ողջ կյանքի ցիկլին՝ մշակումից մինչև ուտիլիզացիա։ Ընդ որում, դրանք կտարածվեն Եվրամիությունում վաճառվող բոլոր տեսակի մարտկոցների վրա՝ սմարթֆոնների և այլ սարքերի մարտկոցներից մինչև ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների և նույնիսկ էլեկտրական մեքենաների մարտկոցներին։

Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի պատգամավորները նախնական համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ մարտկոցները պետք է դառնան էկոլոգիապես ավելի մաքուր, ավելի արդյունավետ և հուսալի։ Արտադրողներից կպահանջվի հայտարարագրել, թե իրենց կյանքի ողջ ցիկլի ընթացքում մարտկոցներն ածխածնային ինչ հետք են թողնում բնության վրա։

Բացի դրանից, 2 կՎտ/ժ-ից ավելի հզորությամբ մարտկոցների համար կգործեն մակնշման հատուկ պահանջներ: Օգտատերերը կկարողանան ծանոթանալ մարտկոցի հզորության, հուսալիության և նույնիսկ քիմիական բաղադրության մասին տեղեկություններին՝ օգտագործելով հատուկ պիտակներ և QR կոդեր։ Էլեկտրական մեքենաների մարտկոցները պետք է ունենան հատուկ «անձնագրեր», որոնցում հնարավոր կլինի գտնել ամբողջական տեղեկություններ մարտկոցի մոդելի և դրանց ճիշտ օգտագործման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։

Մարտկոցների հեշտ փոխարինելիությունը, ինչպես արդեն նշվեց, նոր կանոնների ևս մեկ կարևոր կետ է. նոր կանոնների ուժի մեջ մտնելուց 3,5 տարի անց բոլոր շարժական մարտկոցները և սարքերը, որոնցում դրանք տեղակայված են, պետք է նախագծվեն այնպես, որ «օգտատերերը կարողանան հեշտությամբ հանել դրանք և ինքնուրույն փոխարինել»:

Մինչեւ 2023 թ., ըստ համաձայնագրի՝ անհրաժեշտ կլինի հավաքել օգտագործված մարտկոցների 45%-ը, մինչև 2027 թ․՝ 63%-ը, իսկ մինչև 2030 թ․՝ 73%-ը։ Համաձայնագիրը նախատեսում է նաև վերամշակված մարտկոցների արդյունքում ստացված կոբալտի, կապարի, լիթիումի և նիկելի օգտագործման նորմավորումը նոր արտադրանքներում։

Իսկ մինչև 2030 թ․ դեկտեմբերի 31-ը Եվրահանձնաժողովը նախատեսում է գնահատել Եվրամիության տարածքում ընդհանուր նշանակության չվերալիցքավորվող մարտկոցների օգտագործման ամբողջական դադարեցման հնարավորությունը։

Եվրոպական իշխանությունների ներկայացուցիչները վստահ են, որ մարտկոցների ողջ կյանքի ցիկլն ընդգրկող օրենքների ընդունումը բարենպաստ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի և տնտեսության վրա։ Ավելին, դա կարող է հանգեցնել ԵՄ-ում օգտագործված մարտկոցների լայնածավալ վերամշակման օբյեկտների կառուցմանը:

Նոր համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից պաշտոնապես հաստատվելուց հետո։

Հիշեցնենք, որ 2022 թ․ սկզբին Եվրամիությունը որոշեց բջջային սարքերի համար օգտագործել մեկ ստանդարտ միակցիչ, և մինչև 2024 թ․ աշուն բոլոր լիցքավորիչները, ականջակալները, բարձրախոսները, տեսախցիկները և այլ սարքերը պետք է ունենան ունիվերսալ USB Type-C միակցիչ։

Այս կանոնը հիմնականում կազդի iPhone-ների նոր տարբերակների վրա, քանի որ այլ սմարթֆոնների մեծ մասն արդեն օգտագործում է Type-C միակցից: Սպասվում է, որ հաջորդ տարվանից iPhone 15-ի բոլոր մոդելները հրաժեշտ կտան Lightning պորտին և կանցնեն Type-C միակցիչի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ