ԱՄՆ-ում ստեղծվել է Մարսի մանրամասն 3D քարտեզ, որը հասանելի է յուրաքանչյուրին

14 հունիսի, 2023  22:08

Մարսի տեսարանների գեղեկցությունը վայելելն այժմ ավելի հեշտ կլինի։ Միացյալ Նահանգները ստեղծել է Կարմիր մոլորակի քարտեզ՝ հիմնված NASA-ի հայտնի Mars Reconnaissance Orbiter մոդուլի արած հսկայական թվով լուսանկարների վրա, տեղեկացնում է Space.com-ը:

Նոր քարտեզը ստեղծվել է սուպերհամակարգիչների և ամպային տեխնոլոգիաների միջոցով և ապահովում է մոլորակի մակերևույթի եռաչափ տեսարաններ բարձր լուծաչափով: Քարտեզը ստեղծվել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) աստղաերկրաբանության հետազոտական ​​կենտրոնի աջակցությամբ և բաղկացած է տեղանքի ավելի քան 4800 թվային մոդելներից և Մարսի մակերեսի ավելի քան 155,000 լուսանկարներից։

Ըստ կենտրոնի՝ այժմ Երկրի վրա սմարթֆոնի ցանկացած սեփականատեր կարող է օգտագործել այս տվյալները. սա վերաբերում է նաև համակարգիչների և այլ սարքերի տերերին, և այժմ, ըստ գիտնականների, բառացիորեն յուրաքանչյուրը կարող է պոտենցիալ ներդրում ունենալ այս հետազոտության մեջ:

Տվյալները հավաքվել են Mars Reconnaissance Orbiter մոդուլի Context Camera-ի կողմից, որն ունակ է պատկերներ անել մինչև 6 մետր մեկ պիքսելում լուծաչափով, միաժամանակ ընդգրկելով 30 կմ լայնություն և 160 կմ երկարություն։ Միևնույն տարածքի զույգ լուսանկարներ դրվում են իրար վրա, ապա մշակվում սուպերհամակարգչի միջոցով, ինչը թույլ է տվել ստեղծել թվային ծավալային մոդելներ (DTM)՝ հետագայում մանրամասն 3D լանդշաֆտի ձևավորմամբ, մոտավորապես այնպես, ինչպես ուղեղն է մշակում է մարդու երկու աչքերից ստացված տվյալները և ստեղծում շրջակա միջավայրի եռաչափ պատկեր։

Ընդորում՝ պարզվում է, որ գործընթացի համար բավականին շատ ռեսուրսներ են պահանջվել, մասնավորապես, Հարավային Դակոտայում տեղակայված Denali սուպերհամակարգչի հաշվողական մեծ հզորությունները: Սովորական համակարգչից նույն աշխատանքն անելու համար կպահանջվեր 2-35 տարի: Այնուամենայնիվ, 4800 թվային ծավալային մոդելներն առայժմ միայն այսբերգի գագաթն են, թիմն աշխատում է հազարավոր այլ զույգ պատկերների վրա ավելի մանրամասն լանդշաֆտ ստեղծելու համար:

Բացի դրանից, մոդուլի վրա գտնվող մյուս տեսախցիկի՝ HiRIS-ի արած զույգ պատկերներն ունեն մեկ պիքսելում մինչև 25 սմ անհավատալի լուծաչափ, բայց այն նկարել է Մարսի մակերեսի միայն փոքր բեկորներ: Տվյալները հանրամատչելի դարձնելու համար գիտնականները ստիպված են եղել NASA-ի ամպային տեխնոլոգիաների օգնությամբ մշակել 155,000 լուսանկարներից բաղկացած կատալոգ, որը համարժեք է 114 ՏԲ տվյալների։

Փորձարկումը ցույց է տվել, որ ստացված պատկերները «հուսալի և օգտակար» են և այժմ ամպում հնարավոր է իրական վերլուծություն կատարել, տվյալները կարելի է ուսումնասիրել՝ առանց յուրաքանչյուր պատկեր ամբողջությամբ ներբեռնելու, բառացիորեն ձեռքի տակ գտնվող սմարթֆոնով:

Տվյալները պահվում են  Amazon-ի ամպում Open Data Registry տվյալների բազայում և ազատ են օգտագործման համար: Օգտատերերի լայն շրջանակի համար որոնման և ներբեռնման գործընթացը հեշտացնելու նպատակով տրամադրվում է նաև հատուկ որոնման գործիք, որը կարող է օգտագործվել անմիջապես, թեև ավելի մեծ հարմարավետության համար, այդուհանդերձ, արժե օգտագործել PC համակարգիչ:


 
 
 
 
  • Արխիվ