Hubble-ը Երկրից 700 մլն լուսատարի հեռու մեդուզա գալակտիկայի տպավորիչ լուսանկար է արել

13 հունիսի, 2023  22:06

Hubble տիեզերական աստղադիտակը JO206 մեդուզա գալակտիկայի լուսանկար է արել, որը գտնվում է Երկրից 700 միլիոն լուսատարի հեռավորության վրա՝ Ջրհոսի համաստեղությունում:

Մեդուզա գալակտիկաներն առանձնանում են այսպես կոչված շոշափուկներով՝ երկար գազային պոչերով, որոնց մեջ էլ տեղի է ունենում աստղերի ձևավորումը, տեղեկացնում է Space.com-ը։

Պարուրաձև գալակտիկան շրջված է «դեմքով» դեպի Երկիրը և Hubble-ը, ուստի տիեզերական աստղադիտակի արած պատկերում այն ​​երևում է որպես գունավոր սկավառակ, որը շրջապատված է նյութի մառախլապատ ամպով:

Այդ նյութի հոսքերը իսկապես նման են մեդուզայի շոշափուկներին։ JO206-ի նման մեդուզա գալակտիկաները գտնվում են կլաստերներում և ունենում են գազային պոչեր, այսինքն՝ այն նյութը, որը դուրս է մղվում գալակտիկաներից, երբ դրանք ճանապարհորդում են:

Այս շոշափուկները ձևավորվում են գալակտիկաների և կլաստերի ներսում գտնվող միջավայրի՝ գերտաքացած նոսր պլազմայի հետ փոխազդեցության արդյունքում: Շարժվելով դեպի կլաստերի շրջան՝ գալակտիկաները բախվում են դրա ներքին միջավայրին, իսկ գալակտիկաների ազատ գազը ձգվում և վերածվում է երկար պոչերի, որոնց մեջ տեղի է ունենում է աստղերի գոյացման գործընթացը: Սա աստղագետներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու աստղերի ձևավորումը ծայրահեղ պայմաններում հիմնական սկավառակից հեռու:

Հատկանշական է, որ գիտնականներին չի հաջողվել էական տարբերություններ հայտնաբերել մեդուզա գալակտիկաների սկավառակներում և շոշափուկներում աստղերի ձևավորման գործընթացների միջև: Այստեղից հետազոտողները եզրակացնում են, որ երիտասարդ աստղերին շրջապատող միջավայրը միայն աննշան ազդեցություն ունի դրանց ձևավորման վրա: 


 
 
 
 
  • Արխիվ