ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է միջոցներ ձեռնարկել ԱԲ-ով աշխատող հավելվածների անվտանգությունն ու էթիկան ապահովելու համար

13 հունիսի, 2023  12:04

ՄԱԿ-ն առաջարկում է միջոցներ ձեռնարկել արհեստական բանականության կիրառման անվտանգությունն ու էթիկան ապահովելու համար և մտադիր է այդ նպատակով խորհրդատվական մարմին ստեղծել, այս մասիներկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նա ասել է, որ թվային հարթակներում տեղեկատվության ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի վարքագծի կանոնագրքի նախապատրաստման առաջարկները ներառում են կառավարությունների, տեխնոլոգիական ընկերությունների և այլ խաղացողների պարտավորությունները՝ զերծ մնալ ապատեղեկատվություն և ատելության խոսք ցանկացած նպատակով օգտագործելուց և դրան աջակցելուց։

«Այն ներառում է կառավարությունների հանձնառությունը՝ երաշխավորելու ազատ, կենսունակ, անկախ մեդիա տարածություն՝ լրագրողների համար ուժեղ պաշտպանությամբ, կառավարությունների և թվային հարթակների արագ արձագանքման համաձայնեցված սկզբունքներ, երբ խաղադրույքներն այդքան բարձր են հակամարտությունների և սոցիալական բարձր լարվածության ժամանակ»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա նաև նշանակում է «հրատապ և անհապաղ գործողություններ՝ ապահովելու համար, որ արհեստական ​բանականության բոլոր հավելվածները լինեն անվտանգ, ապահով, և համապատասխանեն էթիկական և մարդու իրավունքների ոլորտում երկրների ստանձնած պարտավորություններին։ Գուտերեշը նաև նշել է, որ կարևոր է, որպեսզի տեխնոլոգիական ընկերությունները վարեն այնպիսի բիզնես մոդելներ, որոնք չեն ոտնահարում մարդու իրավունքները։

Անտոնիո Գուտերեշը նաև անդրադարձել է սոցիալական ցանցերին՝ նշելով, որ դրանք օրեցօր դառնում են ոչ թե միմյանց հետ կապ հաստատելու միջոց, այլ վախի և ապատեղեկատվության տարածման աղբյուր։

«Երբ սոցիալական մեդիան ի հայտ եկավ մեկ սերունդ առաջ, թվային հարթակներն ընկալվում էին որպես միմյանց հետ կապվելու հետաքրքիր նոր միջոց … Այժմ թվային հարթակները չարաշահվում են գիտությունը խաթարելու, ապատեղեկատվություն տարածելու և ատելություն հրահրելու համար», - ասել է Գուտերեշը:


 
 
 
 
  • Արխիվ