Meta-ն նախատեսում է Twitter-ի անալոգը ստեղծել և իր բոլոր հարթակներում ներդնել գեներատիվ ԱԲ

9 հունիսի, 2023  14:30

Meta-ն նախատեսում է ստեղծել Twitter-ի անալոգը, ինչպես նաև իր բոլոր հարթակներում ներդնել գեներատիվ արհեստական բանականություն (ԱԲ)։

Նոր Twitte՞r

Meta-ի արտադրանքի տնօրեն Քրիս Քոքսը վերջերս ընկերության աշխատակիցներին ներկայացրել է նոր հավելված, որը պետք է դառնա Twitter-ի անալոգը։

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հավելվածը, որն ստացել է Project 92 ծածկանունը, կգործարկվի Instagram-ի բազայի վրա։

Ընկերությունը նման հավելված ստեղծելու որոշումը բացատրել է «խելացիորեն կառավարվող հարթակ» ստեղծելու անհրաժեշտության ի հայտ գալով՝ այն ամենի ֆոնին, ինչ վերջերս տեղի է ունենում Twitter-ում։ Թեև Իլոն Մասկը ընկերության կառավարումը, ինչպեսև խոստացել էր ավելի վաղ, հանձնել է մեկ այլ մասնագետի՝ Լինդա Յակկարինոյին, որոշ փորձագետներ դեռ մտավախություն ունեն, որ նա դժվար թե կարողանան փրկել հարթակը։ Ավելին, հարթակի լոգոն և ապրանքանիշը կարող են փոխվել՝ կապույտ թռչնի փոխարեն դառնալով «X»:

Ավելին, վերջին ժամանակներս բազմաթիվ ազդեցիկ դեմքեր, այդ թվում՝ Դալայ Լաման և ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, մի շարք գաղափարական պատճառներով պայմանավորված, հրաժարվել են Twitter-ն օգտագործելուց։

Այս հարթակի անալոգը, որը որևէ սկանդալում ներքաշված չի եղել, այսօր ունի բոլոր հնարավորությունները բավականին մեծ լսարան գրավելու։

Գեներատիվ ԱԲ-ն Meta-ում

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կորպորատիվ հանդիպման ժամանակ գործընկերներին ասել է, որ ընկերությունը նախատեսում է ԱԲ-ի վրա հիմնված տեքստի, լուսանկարի և տեսանյութի գեներատորներ բերել իր առաջատար սոցիալական հարթակներ՝ Facebook և Instagram:

Նման տեխնոլոգիաներից մեկը, որը պետք է սպասել մոտ ապագայում, օգտատերերին թույլ կտա խմբագրել սեփական լուսանկարները՝ հիմնվելով տեքստային նկարագրության վրա, այնուհետև կիսվել Instagram Stories-ում։

Մեկ այլ տեխնոլոգիա թույլ կտա ստեղծել տարբեր ունակություններով և հնարավորություններով մի քանի ԱԲ բոտեր։ Դրանք կկարողանան օգնել կամ զվարճացնել օգտատերերին և հիմնականում կօգտագործվեն Facebook Messenger-ում և WhatsApp-ում։

Instagram-ը կարող է նաև ինտեգրել չատբոտ, որի հետ օգտատերերը կարող են զրուցել և օգնել գրառումներ գրելիս:


 
 
 
 
  • Արխիվ