Instagram-ում կգործարկվի արհեստական բանականության չատբոտ, որը կօգնի գրառումներ գրելիս

7 հունիսի, 2023  16:06

Գեներատիվ նեյրոնային ցանցերի և չատբոտերի աճող տարածվածության ֆոնին ավելի ու ավելի շատ ընկերություններ են փորձում դրանք ինտեգրել իրենց արտադրանքին: Շուտով դրանց կարող է միանալ նաև Instagram-ը։ Ըստ տեղեկությունների՝ շուտով այս սոցիալական ցանցը կարող է ինտեգրել իր սեփական չատբոտը, որի հետ հնարավոր կլինի զրուցել:

Ինժեներ Ալեսանդրո Պալուցին Twitter-ի իր էջում հրապարակել է սքրինշոթ, որտեղ ցուցադրվում է արհեստական բանականության չատբոտ, որը կարող է պատասխանել օգտատերերի հարցերին և նրանց խորհուրդներ տալ: Ինժեների խոսքով՝ բոտը կստանա անհատականացված կարգավորումներ․ հարթակի օգտատերերը կկարողանան հարմարեցնել այն՝ ըստ իրենց նախասիրությունների։

Instagram-ի չատբոտը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, որոնք դժվարանում են լուսանկարներին ուղեկցող տեքստային հաղորդագրություններն ինքնուրույն գրել: Ենթադրվում է նաև, որ ալգորիթմը կարող է օգտագործվել այլ օգտատերերի հետ զրույցների ժամանակ։

Դեռ հայտնի չէ, թե երբ կարող է Instagram-ում հայտնվել գեներատիվ նեյրոցանցի վրա հիմնված չատբոտը։ Դրա մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն եղել։ Վերջերս, սակայն, Մարկ Ցուկերբերգը՝ Meta Platforms-ի ղեկավարը, որին պատկանում է Instagram-ը, հայտարարել է, որ ընկերությունը արհեստական բանականության ալգորիթմներ է մշակում Instagram-ի, Messenger-ի և WhatsApp-ի համար:

Վերջերս Instagram սոցցանցում հնարավոր է դարձել գրառումներին պատասխանել GIF պատկերներով։ Սոցցանցի այլ նորամուծություններից է չատի գործառույթը, որը կոչվում է Channels:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ