Ցուցադրվել են iPhone 15-ի բոլոր մոդելների մակետները․ շուտով կսկսվի iPhone 15-ի զանգվածային արտադրությունը (տեսանյութ)

29 մայիսի, 2023  12:22

MacRumors կայքը ցուցադրել է iPhone 15 շարքի բոլոր չորս սմարթֆոնների մակետները։ Սովորաբար դրանք պատրաստվում են հեռախոսների թողարկումից առաջ, որպեսզի պատյանների արտադրողները կարողանան նախապես ստեղծել այս սմարթֆոնների պատյանները։

Ընդհանուր առմամբ, մակետները հաստատում են այն, ինչ արդեն հայտնի էր վաղուց․ արտաքուստ նոր iPhone 15-ի շարքի հեռախոսները շատ քիչ կտարբերվեն iPhone 14-ներից։ Նոր սմարթֆոնները կպահպանվեն նախորդների չափերը, ձևը, պատյանների և տեսախցիկի մոդուլների մոտավորապես նույն հաստությունը:

Միևնույն ժամանակ, նոր հեռախոսները Lightning-ի փոխարեն կունենան USB-C միակցիչներ, իսկ Pro և Pro Max մոդելները ենթադրաբար կունենան էկրանների շուրջ ավելի նեղ շրջանակներ, իսկ պատյանի անկյունները կորացված կլինեն, ինչը հեռախոսը ձեռքում պահելը պետք է ավելի հարմար դարձնի։

Նախկինում տեղեկություններ էին հրապարակվում, որ այս մոդելները կունենան տիտանե շրջանակներ, սակայն մակետների հիման վրա այս տեղեկությունը հաստատել չի կարելի։

Նշենք, որ շուտով կսկսվի iPhone 15-ի զանգվածային արտադրությունը, և այս հեռախոսներն արտադրող չինական Foxconn գործարանն արդեն ակտիվորեն աշխատակիցներ է հավաքում, ավելացնում նոր աշխատակիցների համար սահմանված բոնուսները․ յուրաքանչյուր նոր աշխատող մայիսի 29-ից կստանա 500 դոլար բոնուս (նախկինում դա 425 էր):

Սպասվում է, որ iPhone 15-ը պաշտոնապես կթողարկվի սեպտեմբերին։ Շարքը կներառի iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max մոդելները։

Բոլոր մոդելները կստանան Dynamic Island, USB-C միակցիչ և Apple-ի արտադրության A17 չիպեր։ Պերիսկոպի տեսախցիկը 6x օպտիկական խոշորացումով կստանա միայն iPhone 15 Pro Max-ը։


 
 
 
 
  • Արխիվ