Ջրասուզակները լճի հատակում iPhone են գտել. այն միացել է և աշխատել, թեև ջրի տակ եղել էր մոտ մեկ տարի

29 մայիսի, 2023  10:26

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի Four Lakes ջրասուզման ակումբի անդամները լիճն աղբից մաքրելու ժամանակ iPhone հեռախոս են հայտնաբերել։ Սարքը, որը գրեթե մեկ տարի եղել էր լճի հատակում, միացել է և սկսել աշխատել։

Ջրասուզման ակումբը ժամանակ առ ժամանակ կամավոր հիմունքներով կազմակերպում է լճերի մաքրման աշխատանքներ։ Ակումբի անդամները հավաքում են պոլիէթիլենային տոպրակներ, շշեր և այլ աղբ, սակայն երբեմն գտնում են նաև էլեկտրոնիկա, այդ թվում՝ սմարթֆոններ։

Ակումբի նախագահ Էլեն Էվանսը Channel3000-ին ասել է, որ լճի հատակում հայտնաբերված ցանկացած սարք սուզորդները փորձում են միացնել: Շատերն, իհարկե, չեն աշխատում, բայց վերջին հայտնաբերված սարքը բացառություն է դարձել․ երբ այն միացրել են լիցքավորիչին, հեռախոսն սկսել է լիցքավորվել, էկրանը ևս միացել է։

Քանի որ սմարթֆոնն աշխատել է, ակումբի անդամներն այն հանձնել են ոստիկանությանը, որին հաջողվել է գտնել հեռախոսի տիրոջը․ պարզվել է, որ հեռախոսը պատկանել է Մեդիսոնի համալսարանի շրջանավարտ Էլլի Էյզենբերգին, որն ասել է, որ այն կորցրել է 2022-ի ամռանը նավակով զբոսանքի ժամանակ:

Հեռախոսի մոդելը չի ​​նշվում, սակայն, դատելով հրապարակված լուսանկարից, այն կարող է լինել iPhone Pro 12 կամ 13։

Նշենք, որ iPhone-ի վերջին մոդելներն ստացել են խոնավությունից և փոշուց պաշտպանություն IP68 ստանդարտի համապատասխան, ինչի շնորհիվ սմարթֆոնը կարող է մինչև 6 մետր խորության վրա աշխատել ջրի տակ, իհարկե, ընդամենը 30 րոպե։ Իսկ լճի հատակին մեկ տարի մնալն ու դրանից հետո աշխատելն իսկապես շատ տպավորիչ արդյունք է:

Վերջերս մեկ այլ iPhone արժանապատվորեն դիմացել էր բարձրությունից ընկնելու փորձությանը, երբ պարաշյուտով թռիչքի ժամանակ այն ընկել էր տիրոջ գրպանից, բախվել գետնին, սակայն չէր կոտրվել։


 
 
 
 
  • Արխիվ