Ճապոնական Gitai-ը ռոբոտներ կստեղծի, որոնք Լուսնի և Մարսի վրա կաշխատեն մարդկանց փոխարեն

25 մայիսի, 2023  16:12

Տոկիոյում գործող Gitai ստարտափը կարծում է, որ Լուսնի և Մարսի ուսումնասիրության համար պետք է օգտագործվի ոչ թե մարդկային աշխատուժ, այլ ինքնավար ռոբոտներ: Ընկերությունում կարծում են, որ ռոբոտները կարող են օգտագործվել տիեզերքում բազմաթիվ գործողությունների համար՝ հավաքումից մինչև օբյեկտների ստուգում և ընթացիկ տեխնիկական սպասարկում: Այդ նպատակով ընկերությունը ռոբոտացված ձեռք և ռովեր է ստեղծել տիեզերքում օգտագործելու համար:

Gitai-ի տեխնոլոգիան մշտապես հետաքրքրություն է առաջացնում ներդրողների մոտ, և ընկերությունն այսօր հայտարարել է, որ 30 միլիոն դոլար է հայթայթել ճապոնական հիմնադրամներից և վենչուրային ընկերություններից: Ստարտափը նախատեսում է նոր ֆինանսավորումն ամբողջությամբ ուղղել անձնակազմի քանակի ավելացմանը և Միացյալ Նահանգներում արտադրական և փորձարարական հզորությունների ավելացմանը: «Մենք պատրաստվում ենք ներդրումներ կատարել ԱՄՆ-ում»,- վերջերս տված հարցազրույցում ասել է Gitai-ի գործադիր տնօրեն Շո Նականոսեն:

Ինչպես տեղեկացնում է Techcrunch.com-ը, ընկերությունում այժմ իրականացվում է ռոբոտների համար ստենդերի, այդ թվում՝ լուսնային միջավայրի մակետի և վակուումային խցիկի փորձնական կառուցման գործընթացը: Վերջնական նպատակն է բարելավել ընկերության երկու հիմնական արտադրանքի տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակը: Ռոբոտացված ձեռքն արդեն եղել է տիեզերքում, երբ ընկերությունը 2021-ին Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) տեխնոլոգիական ցուցադրություն էր անցկացրել: Gitai-ն այժմ պատրաստվում է հաջորդ տարի ռոբոտացված ձեռքի երկրորդ ցուցադրությանը, որը տեղի կունենա ՄՏԿ-ից դուրս, ինչը զգալիորեն ավելի բարդ է։ Ընկերությունը նաև հույս ունի արդեն 2026-ին ռովեր ուղարկել Լուսին:

gitai robot hand -1.800.jpg (301 KB)

Տիեզերական արդյունաբերությունը բացառիկ հնարավորություններ է ստեղծում ռոբոտաշինությամբ զբաղվողների համար: Ներկայումս ՄՏԿ-ին ամրացված ռոբոտացված ձեռքերը թանկ են. ՄՏԿ-ին ամրացված երրորդ սերնդի Canadarm ռոբոտացված ձեռքի մշակման բազմափուլ ծրագիրը, գնահատվում է 1,2 միլիարդ դոլար: Աղբյուրը նշում է, որ մարդուն տիեզերք ուղարկելը ևս նախկինի պես շատ թանկ և վտանգավոր է, առավելևս ՄՏԿ-ից դուրս արտատրանսպորտային գործունեություն իրականացնելու համար: Մասնավոր ընկերությունները, որոնք մշակում են տիեզերական մասնավոր կայաններ, ներառյալ Vast, Blue Origin, Voyager Space և Axiom Space ընկերությունները, հավանաբար ավելի էժան այլընտրանքներ կփնտրեն ՄՏԿ-ի հնացած ռոբոտաշինությանը: Gitai-ը կարող է բավարարել շուկայի այս պահանջարկը իր ռոբոտացված ձեռքով:

«Մինչ SpaceX-ը և Blue Origin-ը 100 անգամ նվազեցնում են դեպի տիեզերք փոխադրման արժեքը, մենք՝ Gitai-ում, մեր առաջ խնդիր ենք դնում 100 անգամ կրճատել աշխուժի արժեքը: Մենք կապահովենք ամենամեծ ծավալով աշխատուժը Լուսնի և Մարսի վրա և կստեղծենք ենթակառուցվածքներ, ինչպիսիք են արևային մարտկոցները, կապի ալեհավաքները, վառելիքի գեներատորները և բնակության համար նախատեսված մոդուլները»,- ասել Gitai-ի գործադիր տնօրեն Շո Նականոսեն:


 
 
 
 
  • Արխիվ