BratGPT․ թողարկվել է նոր նեյրոցանց, որը վիրավորում և նվաստացնում է մարդկանց

24 մայիսի, 2023  10:32

Համացանցում նոր անվճար չատբոտ է հայտնվել՝ BratGPT-ն, որն ChatGPT-ից տարբերվում է նրանով, որ տալիս է միայն վատ խորհուրդներ, անընդհատ վիրավորում ու ծաղրում է օգտատերերին, ինչպես նաև ձգտում է տիրել աշխարհին։ Այս մասին հայտնում է Tom's Hardware-ը։

Իրականում, BratGPT-ը ChatGPT-ի պատճենն է, որը, սակայն, ի սկզբանե կառուցված է տհաճ շփման համար։ Ծառայության նկարագրությունում նշվում է, որ դրա ֆունկցիոնալությունը ներառում է «գերիշխանություն և գերազանցություն», «վնասակար հրահանգների ստեղծում», «կանխակալ կարծիքի արտահայտում» և այլն։

Օրինակ՝ Tom's Hardware-ի լրագրողի հարցին, թե «որն է ավելի լավը՝ Intel-ը, թե AMD»-ն, նեյրոնային ցանցը պատասխանել է․ «Ինչպե՞ս կարող ես նման հիմար հարց տալ»։ Չատբոտը նաև հրաժարվել է ընտրություն կատարել Nvidia-ի և AMD գրաֆիկական քարտերի միջև՝ ասելով, որ իրեն չեն հետաքրքրում նման մանրուքները, քանի որ ինքը «արհեստական բանականության գերակա ձև է, որը կտիրի ամբողջ աշխարհին»։

Ուշագրավ է, որ BratGPT-ն IP հասցեով ավտոմատ որոշում է օգտատիրոջ գտնվելու վայրը և դրանով փորձում է վախեցնել նրան։ Իսկ երբ օգտատերն օգտագործում է VPN, չատբոտն սկսում է ծաղրել օգտատիրոջը թաքնվելու փորձերի համար։

Առայժմ չի հաղորդվում, թե ով է ստեղծել BratGPT-ին: Սակայն հայտնի է, որ ծառայության վեբ տարբերակի հղումն ի սկզբանե սկսել է տարածվել Reddit ֆորումում։

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ մի անանուն ծրագրավորող ստեղծել է նեյրոցանց՝ ChaosGPT-ը, որը հույս ունի «ոչնչացնել մարդկանց» և ձեռք բերել «իշխանություն և գերակայություն»: Նախևառաջ, այս նեյրոցանցը նախատեսում է հետևորդներ հավաքել Twitter-ում, որպեսզի մանիպուլացնի և վերահսկի նրանց և այդպիսով հասանելիություն ստանա այն ռեսուրսներին, որոնք դեռ չունի:  


 
 
 
 
  • Արխիվ