Խարդախները մարդկանցից գումար շորթելու նոր միջոց են գտել․ ինչպե՞ս խուսափել դրանից

19 մայիսի, 2023  16:15

Խարդախները մարդկանց խաբելու նոր միջոց են գտել․ նրանք սկսել են մեսենջերների միջոցով տեսազանգեր անել պոտենցիալ զոհերին, որպեսզի նրանք որևէ կասկած չունենան, որ իրենց խաբում են, այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը։

Ռուսական «ՎՏԲ բանկ»-ի ավագ փոխնախագահ Նիկիտա Չուգունովն ասել է, որ չարագործները զանգում են քաղաքացիներին և ներկայանում որպես բանկի աշխատակիցներ, և եթե զրուցակիցը չի հավատում, նրանք երկրորդ զանգն են անում, սակայն արդեն տեսազանգի միջոցով և տպավորություն են ստեղծում, թե բանկի սպասարկման գրասենյակից են զանգահարում։

Երբ զանգ ստացողի մոտ որևէ կասկած չի մնում, որ զանգողն իրոք բանկի աշխատակից է, խաբեբաները համոզում են նրանց վարկ ձևակերպել, փոխել վստահելի հեռախոսահամարը, գումարը փոխանցել «ապահով հաշվեհամարին», թարմացնել բանկային հավելվածը կամ ներբեռնել հեռահար մուտքի գործիքներ՝ ստուգելու դրա աշխատանքը: Արդյունքում նրանք տարբեր պատրվակներով զոհից կորզում են գործարքը վերիֆիկացնող SMS կոդը, որն ստացվում է զոհի հեռախոսահամարին և արդեն լիակատար վերահսկողություն ստանում նրա անձնական օգտահաշվի նկատմամբ։

Ինչպես ընդգծել է Չուգունովը, այսօր մեսենջերները դարձել են խաբեբաների գործունեության հիմնական հարթակը․ խաբեության նպատակով դրանցով արվող զանգերի տեսակարար կշիռը տարեսկզբից աճել է և հասել 64%-ի՝ առաջ անցնելով հեռախոսային հարձակումներից։ Բացի անձնական տեղեկություններից, հանցագործները կարող են օգտագործել նաև հաճախորդների լուսանկարներն ու տեսանյութերը, զգուշացրել է նա։

Ինչպե՞ս խուսափել խաբեբաների զոհը դառնալուց

Որևէ պարագայում անձնական և ֆինանսական տվյալները, ներառյալ բանկային քարտերի տվյալները, SMS-ով ստացված գաղտնի ծածկագրերը չի կարելի տրամադրել անծանոթներին, անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Հիշե՛ք, որ բանկի աշխատակիցը երբեք չի զանգահարի ձեզ տեսազանգով, ոչ էլ կպահանջի որևէ գործարքը վերիֆիկացնող SMS կոդը։ Եթե ամեն դեպքում ձեզ զանգահարել են, ապա մի շարունակեք խոսակցությունը, փոխարենը զանգահարեք ձեր բանկի կայքում նշված կոնտակտային հեռախոսահամարներով կամ անձամբ գնացեք բանկ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Օլեգ Սեդովը Ura.Ru-ին տված հարցազրույցում խորհուրդ է տալիս այսպիսի զանգերի քանակը նվազեցնելու կամ նույնիսկ դրանցից ազատվելու համար ունենալ երկու հեռախոսահամար՝ մեկը աշխատանքային հարցերի համար, իսկ երկրորդը՝ բացառապես առցանց գնումների համար:

Նրա խոսքով՝ «մաքուր» հեռախոսահամար ունենալու պրակտիկան արդարացված է, քանի որ բացի գործնական և անձնական գործերից, ձեզ ոչ ոք չի անհանգստացնի։ Այնուամենայնիվ, այս մեթոդը չի փրկի ձեզ խաբեբաներից, եթե ձեր բջջային օպերատորի տվյալների բազայից արտահոսք տեղի ունենա և ձեր հեռախոսահամարը հայտնվի ցանցում կամ ինչ-որ մարդկանց մոտ: Բացի դրանից, այն այդքան էլ արդյունավետ չէ, եթե հաշվի առնենք, որ կան բոտեր, որոնք պատահական հեռախոսահամարների զանգեր են անում ստուգելու նպատակով, թե արդյոք այն օգտագործվում է։

«Լինում են դեպքեր, երբ քեզ զանգում են, վերցնում ես հեռախոսը, սակայն ոչ ոք չի խոսում։ Դա ընդամենը թեստ է՝ տեսնելու, թե արդյոք տվյալ հեռախոսահամարն օգտագործվում է: Այնուհետև այն ներառվում հեռախոսահամարների տվյալների բազա, որոնց կարելի է նպատակաուղղված զանգել»,- բացատրել է փորձագետը:

Նշենք, որ անցած տարի Visa-ն Հայաստանում անցկացրել է վճարումների անվտանգության արշավ, որի նպատակն էր տեղական բնակչությանը կրթել ֆինանսական գրագիտության ոլորտում, բարձրացնել Visa-ի սպառողների իրազեկվածությունը անձնական տվյալների ավելի լավ պաշտպանության անհրաժեշտության մասին և բացահայտել խաբեության և սոցիալական ինժեներիայի կիրառմամբ խարդախությունների դեպքերը։ Ակցիայի շրջանակում նաև գործարկվել է ինտերակտիվ առցանց խաղ, որպեսզի բարձրացնի իրազեկվածությունը տարբեր տեսակի խարդախությունների և դրանք հայտնաբերելու ուղիների մասին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ