Շարժիչներով պրոթեզներ, ամբլիոպիայի ախտորոշում մեքենայական ուսուցման միջոցով. Ի՞նչ հետաքրքրիր նախագծերի վրա է աշխատում TUMO Labs-ը

13 հոկտեմբերի, 2022  18:24

Շարժիչներով պրոթեզներ՝ վերջույթները կորցրած մարդկանց համար, մարդու տրամադրությունը վերլուծող նախագիծ, ամբլիոպիայի (ծույլ աչք) ախտորոշում՝ մեքենայական ուսուցման օգնությամբ: Սրանք մի քանիսն են այն նախագծերից, որոնց վրա այսօր աշխատում են TUMO Labs-ում:

TUMO Labs-ի զարգացման գլխավոր տնօրեն Պեգոր Փափազյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց, որ մի շարք այլ ոլորտներին վերաբերվող նախագծեր եւս կան: Օրինակ, գերմանական SAP ընկերության հետ TUMO Labs-ն ունի նախագծեր, որոնց շրջանակում ստեղծում են թվային երկվորյակներ, բիզնես գործընթացները վերլուծող ավատարներ, ինքնասպասարկման հավելվածներ, որոնք կարող են կիրառվել, օրինակ՝ բանկային ոլորտում:

Շարժիչներով պրոթեզներն ու մեքենայական ուսուցումը

Փափազյանի խոսքով, շարժիչներով պրոթեզների վրա TUMO Labs-ն աշխատում է Oqni ընկերության հետ համատեղ:

«Այս դեպքում գործ ունենք բաց կոդով նախագծի հետ՝ լուծելու շարժիչով պրոթեզավորման խնդիրը, որն օգնում է քայլելու գործընթացին։ Դա ոտքի պրոթեզ է, որն աշխատում է շարժիչով։ Պրոթեզը ստացված նյարդային ազդակների հիմա վրա ուղղորդում է շարժիչների աշխատանքը, որպեսզի իրական ժամանակում այն հարմարվի մարդու քայլելու ցիկլին և ապահովում է շատ հարմարավետ քայլք: Մենք արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում ենք դրա վրա և ունենք որոշակի հաջողություններ», - պատմեց Փափազյանը։

Պրոթեզներից մի քանիսն արդեն շուկայում են, բայց, Փափազյանի խոսքով, կա դրանք կատարելագործելու խնդիր, որպեսզի 2.0 տարբերակն ավելի ամուր և հուսալի լինի:

Pegor Papazian

Այս պահի դրությամբ մասնագետներն աշխատում են ոտքերի պրոթեզների վրա, բայց այս տեխնոլոգիան ապագայում կարող է կիրառվել նաեւ այլ, օրինակ, ձեռքերի պրոթեզների համար: Մի շարք այլ, նույնիսկ պրոթեզների հետ կապ չունեցող ոլորտներում այն եւս կիրառելի է:

«Այս տեխնոլոգիան կարող է կիրառվել ցանկացած գործընթացի պարագայում, որն ուղղորդվում է մարդու նյարդային համակարգից ստացված ազդակներով: Մենք նույնիսկ նախատիպ ունեինք, որտեղ հեռակառավարվող մեքենան շարժում էինք առանց օգտագործողի կողմից գիտակցաբար միջամտության, բացառությամբ ոտքերի շարժումների։ Այսպիսով, ցանկացած համակարգ կարող է նման կերպ փոխկապակցվել մարդու ուղեղի հետ՝ մեքենայական ուսուցման կիրառման միջոցով պարզելու ճիշտ կապը ժամանակի ընթացքում ստացվող շատ մեծ թվով նյարդային ազդակների և շարժիչի, մեքենայի կամ օգտագործվող ինտերֆեյսի համար նախատեսված վարքագծի միջև»:

TUMO Labs-ի ղեկավարի խոսքով, կենտրոնի բոլոր նախագծերը հետազոտական և զարգացման ծրագրեր են, ուստի դրանք բավականին երկարաժամկետ են: Բայց դրանց մի մասը կարող է բավական արագ արդյունք տալ:

«Օրինակ՝ ունեինք թիմ, որը տրամադրությունների վերլուծության և տարբեր նախագծերի տեքստերի ամփոփման վրա էր աշխատում Crisp-ի՝ աղմուկի չեղարկման ոլորտում հայկական հաջողակ ստարտափի հետ։ Եվ երկու նախագծերն էլ արդեն պատրաստվում են արտադրության: Փաստացի այս նախագծի վրա աշխատող բոլոր ուսանողներն աշխատանքի ընդունվեցին Crisp-ում, ինչը մեզ համար մեծ հաջողություն էր», - նշեց Փափազյանը:

TUMO Labsբոլոր նախագծերը, ղեկավարի խոսքով, ուղղված են ուսանողների հմտությունները կատարելագործելուն, նրանց վերապատրաստելուն, որպեսզի նրանք կարողանան տեխնոլոգիական և ինժեներական զբաղվածության ավելի բարձր մակարդակի անցնել։

Երիտասարդ տղամարդիկ ու կանայք՝ տեխնոլոգիաների ոլորտում

Պեգոր Փափազյանի խոսքով, տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված տղամարդկանց և կանանց ճիշտ համամասնություն ապահովելը այսօր գլոբալ մարտահրավեր է, սակայն TUMO Labs-ում նման խնդիր չկա. այնտեղ ներգրավված ուսանողների ավելի քան 50%-ը իգական սեռի են։ Երիտասարդ տղամարդիկ եւ կանայք նույն կրթությունն են ստանում, նույն բաներն են սովորում, միասին տարբեր նախագծերի վրա են աշխատում:

Pegor Papazian at NEWS.am

«Ես խոսում եմ ավելի քան 10 000 դիմորդի մասին, որոնցից ընտրում ենք մի քանի հարյուրին, որպեսզի աշխատեն մեր նախագծերի վրա, մասնակցեն մեր ծրագրավորման ճամբարին և այլն: Այնուամենայնիվ, նրանց բոլորի առջև ծառացած մարտահրավերները իրական աշխարհի, իրական նախագծերի, իրավիճակների հետ առնչվելն է, որպեսզի համալսարանում իրենց ստացած ակադեմիական կրթությունից իրենց աշխատանքը դարձնեն մի բան, որը շատ ավելի գնահատելի է գործատուների համար:

Առաջինը նրանք պիտի սովորեն, թե ինչ է ինքնավստահությունը, նախաձեռնողականությունը, թիմային աշխատանքում հաղորդակցության ունակությունը։ Եվ նրանք սա շատ լավ սովորում են, երբ ստիպված են թիմում աշխատել իրական նախագծի վրա, այնուհետև կիրառել իրենց գիտելիքները և տեսական հմտությունները իրական աշխարհի ծրագրերում, որտեղ նրանք կտեսնեն, որ շատ ավելի շատ նրբերանգներ և առանձնահատկություններ կան, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տարբերակել, թե արդյոք իրենք ավելի շատ կամ քիչ մրցունակ կադր են էկոհամակարգերի կամ գործատուների համար»:

Փափազյանի խոսքով, կրթության ոլորտում մենք կարող ենք և պետք է շատ բան սովորենք միջազգային լավագույն փորձից: Ավելին, Հայաստանը, նրա կարծիքով, պետք է ավելի հեռուն գնա և նորամուծություններ կատարի տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում:

«Օրինակ՝ TUMO Labs-ում մենք նկատում ենք, որ Python, մեքենայական ուսուցում, գծային հանրահաշիվ և նման այլ բաներ սովորեցնելու համար (իսկ դրանք այսօր հիմնական անհրաժեշտ հմտություններն են) շատ լավ նյութեր կան, ոչ մի բան հորինելու կարիք չկա։ Սակայն ուսանողները չեն կարողանում արդյունավետ կերպով օգտվել դրանցից, քանի որ չունեն այդ կարգապահությունը, որ հետևողական լինեն, չկա մեկը, որը կստուգի, թե արդյոք նրանք դա արել են, թե ոչ, և արդյունքում  նրանցից շատերը ավարտին չեն հասցնում այդ ամենը։

Դրա համար ստեղծեցինք մի ծրագիր, որը արժեքային շերտ է ավելացնում է այդ ամենին, ուղղորդում է ուսանողին դեպի առցանց կրթական ռեսուրսներ, օգնում է որոշել, թե դրանցից որոնք են նրան ավելի հարմար՝ կախված նրա հետաքրքրությունների մակարդակից, այնուհետև կատարում է հետևողական աշխատանք, պարբերաբար վարժություններ և թեստեր է տալիս ուսանողին և իսկապես օգնում է մեզ դրանց միջոցով հետևելու ուսանողի առաջընթացին:

Ստեղծելով այդ ուսումնական համակարգը, մենք արմատապես բարելավեցինք ուսանողների աշխատանքը: Սա նորարարության օրինակ է, որքան տեղյակ ենք, աշխարհում ոչ մի տեղ նախկինում նման բան չի արվել։ Եվ հիմա կա եվրոպական խոշոր կազմակերպություն, որը հետաքրքրված է կրթական այս մոդելի ֆրենչայզինգով»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ