Զեղծարարներն օգտահաշիվներ են գողանում կեղծ ChatGPT-ներով․ ինչպե՞ս է Meta-ն պայքարելու դրա դեմ

5 մայիսի, 2023  14:19

Meta-ն նախատեսում է նոր՝ «աշխատանքային օգտահաշիվներ» ներդնել ընկերությունների համար, որպեսզի պաշտպանի նրանց հաքերներից, քանի որ ChatGPT-ի և գեներտիվ արհեստական բանականության այլ գործիքների զարգացմանը զուգահեռ ավելացել են դրանց միջոցով օգտահաշիվների և դրանց տվյալները գողանալու դեպքերը։

Ընկերության տարածած հայտարարությունում ասվում է, որ միայն 2023-ի մարտից ի վեր իր հետազոտողները հայտնաբերել են վնասատու ծրագրերի տասը ընտանիք, որոնք օգտագործում են ChatGPT-ն և նմանատիպ այլ գործիքներ օգտահաշիվներ գողանալու համար։ Ընկերությունը մանրամասնել է, որ իր հարթակում արգելափակել է ավելի քան 1000 վնասատու հղում:

Ըստ Meta-ի՝ խարդախությունները հաճախ կապված են բջջային հավելվածների կամ բրաուզերի ընդլայնումների հետ, որոնք ներկայանում են որպես ChatGPT-ի գործիքներ: Որոշ դեպքերում այս գործիքներն առաջարկում են ChatGPT-ի որոշ գործառույթներ, սակայն դրանց իրական նպատակը օգտվողի տվյալները գողանալն է:

Ընկերությունը նշել է, որ հատուկ թիրախ են դառնում մարդիկ, որոնք բիզնես են վարում Facebook-ում կամ այլ կերպ օգտագործում են հարթակը աշխատանքի համար: Խարդախները հաճախ մուտք են գործում օգտատերերի անձնական հաշիվներ, որպեսզի հասանելիություն ստանան դրանց կապակցված բիզնես էջին կամ գովազդային հաշվին, որին, հավանաբար, կցված է բանկային քարտ։

Սրա դեմ պայքարելու համար Meta-ն նախատեսում է բիզնեսների համար ներդնել օգտահաշվի նոր տեսակ, որը կոչվում է Meta Work: Այս օգտահաշիվները օգտատերերին թույլ կտան մուտք գործել Facebook Business Manager-ի գործիքներ՝ առանց Facebook-ի անձնական օգտահաշիվ մուտք գործելու:

«Սա կօգնի բարձրացնել բիզնես օգտահաշիվների անվտանգությունը այն դեպքերում, երբ հարձակվողներն սկսում են անձնական օգտահաշվի վրա հարձակումից»,- ասվում է ընկերության հայտարարությունում: Մետան նշել է, որ այս տարի կսկսի աշխատանքային նոր օգտհաշիվների սահմանափակ փորձարկումներ և ժամանակի ընթացքում կընդլայնի այն։

Meta-ի հետազոտողներն առաջինը չեն, որ նախազգուշացնում են ChatGPT-ի անվան տակ գործող կեղծ գործիքների մասին, որոնց միջոցով կոտրում են մարդկանց օգտահաշիվները։ Guardio ընկերությունն այս տարվա մարտին հայտնաբերել է Chrome-ի ընդլայնում, որը ներկայացել է որպես ChatGPT ծրագրակազմ, սակայն այն կիրառվել է Facebook-ի մի շարք օգտահաշիվներ կոտրելու համար: 


 
 
 
 
  • Արխիվ