TikTok-ը մեդիա ընկերությունների համար մոնետիզացիայի ծրագիր է գործարկում․ դրանք կստանան գովազդից ստացված եկամտի 50%-ը

4 մայիսի, 2023  10:27

TikTok-ը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին (Pulse Premiere), որի նպատակն է մեծ լսարան ունեցող օգտատերերին գովազդից գումար աշխատելու հնարավորություն ընձեռել։ Գովազդը կցուցադրվի օգտատերերի ստեղծած բովանդակությունը դիտելուց անմիջապես հետո:

Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal-ը, Pulse Premiere-ը TikTok-ի մոնետիզացիայի գործող՝ Pulse ծրագրի ընդլայնումն է, որի շրջանակում մի խումբ լավագույն բովանդակություն ստեղծողներ կստանան անմիջապես իրենց հրապարակումներից հետո ցուցադրվող գովազդից ստացված եկամտի կեսը:

Առայժմ այս ծրագիրը սահմանափակվում է մեծ թվով հետևորդներ ունեցող ընտրյալ օգտահաշիվներով, ինչպիսիք են Condé Nast, BuzzFeed և NBC մեդիա ընկերությունները: Ի տարբերություն բնօրինակ Pulse ծրագրի, որը մոնետիզացնում է միայն հեղինակների լավագույն հրապարակումների 4%-ը (հիմնված հարթակի չափումների վրա), Pulse Premiere-ը թույլ կտա գովազդից գումար վաստակել բոլոր տեսանյութերից հետո:

Պարբերականը նշում է, որ ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկում գովազդ վաճառելու հնարավորությունը շատ լավ օգնություն կլինի բովանդակություն ստեղծողների համար, որոնք գովազդատուների կողմից ծախսերի կրճատման հետևանքով տնտեսական բարդ իրավիճակում են հայտնվել։

TikTok-ի մոնետիզացիայի և արտադրանքի ռազմավարության հարցերով ղեկավար Ռեյ Կաոն վստահություն է հայտնել, որ TikTok-ը կկարողանա այս կերպ աջակցել բովանդակություն ստեղծողներին՝ միաժամանակ բացելով նոր բիզնես հնարավորություններ հենց հարթակի համար:

Պարբերականը նշում է, որ Condé Nast-ի, BuzzFeed-ի և NBC-ի նման հեղինակավոր մեդիա ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ, TikTok-ի Pulse Premiere-ը գովազդատուներին հնարավորություն է տալիս, որպեսզի իրենց ապրանքանիշն ասոցացվի որակյալ բովանդակության հետ՝ բարձրացնելով վստահությունն ու ճանաչելիությունը: Ավելին, սոցցանցի օգտատերերի բազան մեծանալուն զուգահեռ գովազդատուները կկարողանան ներգրավել բազմազան և ներգրավված լսարան: Իսկ մեդիա ընկերությունները կկարողանան ընդլայնել իրենց ներկայությունը հարթակում և պատկերացում կազմել այն մասին, թե ինչ բովանդակությանն է արձագանքում օգտատերերը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ