Մոտ 7800 մարդու կփոխարինի արհեստական բանականությունը․ IBM-ը դադարեցնում է որոշ հաստիքներում աշխատանքի ընդունումը

2 մայիսի, 2023  16:08

IBM ընկերության ղեկավար Արվինդ Կրիշնան հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է դադարեցնել նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը մի շարք պաշտոններում։ Ակնկալվում է, որ այդ հաստիքների աշխատանքը առաջիկա տարիներին կանի արհեստական բանականությունը։

Խոսքը, մասնավորապես, մարդկային ռեսուրսների բաժնի մասին է, որի աշխատակիցների առաջադրանքները չեն ենթադրում անմիջական շփում հաճախորդների հետ։ Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, ակնկալվում է, որ նոր պաշտոններում աշխատողների աշխատանքի ընդունումը կա՛մ կդանդաղեցվի, կա՛մ ընդհանրապես կդադարեցվի։ Ընկերություն ունի մոտ 26,000 աշխատող, որոնց աշխատանքը չի ենթադրում անմիջական շփում հաճախորդների հետ:

Ըստ Կրիշնայի՝ առաջիկա հինգ տարում այդ աշխատակիցների մոտ 30%-ը կարող է հեշտությամբ փոխարինվել արհեստական ​բանականության և ավտոմատացման միջոցով։ Խոսքը մոտ 7800 աշխատատեղերի մասին է, որոնցից մի մասի համար ընկերությունը պարզապես նոր աշխատողներ չի ընդունի։ IBM-ն այժմ ունի մոտ 260,000 աշխատակից, և ընկերությունը շարունակում է աշխատանքի ընդունել ծրագրավորողների և մարդկանց՝ հաճախորդների հետ աշխատանքի համար:

Արվինդ Կրիշնան ասել է, որ ավելի ու ավելի շատ առօրյա առաջադրանքներ, ինչպիսիք են նամակներ պատրաստելը կամ աշխատակիցներին բաժինների միջև տեղափոխելը, ամենայն հավանականությամբ շուտով լիովին ավտոմատացված կլինեն: Ճիշտ է, մարդկային ռեսուրսների բաժնի շատ գործառույթներ, ինչպիսիք են, օրինակ, աշխատողներ գտնելը, նրանց կատարողականի գնահատումը, հնարավոր է, որ դեռ ևս մեկ տասնամյակ արհեստական բանականությունը չկարողանա անել:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ընկերությունը հայտարարել էր մի քանի հազար մարդու կրճատելու ծրագրերի մասին։ Ի դեպ, IBM-ը կանգնած է արհեստական բանականության վրա հիմնված լուծումների ստեղծման ակունքներում։ Մասնավորապես, ընկերության IBM Watson սուպերհամակարգիչը և հարակից ծրագրակազմը դեռ 10 տարի առաջ օգտագործվել են մեքենայական ուսուցման մոդելներ ստեղծելու համար:

Այժմ Կրիշնա Արվինդը, որն ստանձնել է ընկերության ղեկավարի պաշտոնը 2020-ին, ակտիվորեն զբաղվում է բիզնեսի օպտիմալացմամբ: Ակնկալվում է, որ մինչև 2024-ի վերջ նրա գործողությունները կօգնեն տարեկան խնայել մինչև 2 միլիարդ դոլար:


 
 
 
 
  • Արխիվ