Առեղծվածային պարույրներ՝ Ալյասկայի երկնքում. ի՞նչ երևույթ է սա և ինչպե՞ս է առաջանում

24 ապրիլի, 2023  20:19

Օրերս լույսի եթերային հորձանուտ է հայտնվել Ալյասկայի գիշերային երկնքում, որը սակայն բևառափայլի հետ ոչ մի կապ չունի։ Տարօրինակ այս երևույթը աստղագետներն անվանում է «SpaceX պարույրներ», որոնք շարունակ ավելի տարածված են դառնում տիեզերքում։

Այս պարույրները ձևավորվում են, երբ Falcon 9 հրթիռների արագ պտտվող վերին աստիճաններից դուրս նետված հրթիռային վառելիքը սառչում է տիեզերքում: Սառած այդ պարույրներն այնուհետև արտացոլում են արևի լույսը դեպի Երկիր, ինչը դրանց տեսանելի է դարձնում Երկրի բնակիչների համար։

Պարույրը նկատվել է Ալյասկայի երկնքում ապրիլի 15-ին՝ տեղական ժամանակով կեսգիշերին մոտ, երբ տեսանելի էր նաև բևեռափայլը, հաղորդում է Spaceweather.com-ը: Հետաքրքիր այս երևույթը նկարել են Ալյասկայի համալսարանի տեսախցիկները։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է պարույրը ձևավորվում է սկզբնական լուսավոր կետից և վերածվում հսկայական գալակտիկայի ձևի օբյեկտի, ապա աստիճանաբար անհետանում է։ Այն տեսանելի է եղել մոտ յոթ րոպե։



«Ես բացարձակապես զարմացած էի և տարակուսած, երբ առաջին անգամ նկատեցի մի հեռավոր պայծառ լույս, որը գալիս էր դեպի ինձ հյուսիսային հորիզոնից,- Spaceweather.com-ին պատմել է աստղալուսանկարիչ Թոդ Սալաթը, որը նկարել է պարույրը,- Սկզբում մտածեցի, որ դա ռեակտիվ ինքնաթիռ է, որը թռչում է որոշ ամպերի միջով: Այնուհետև այն ստացավ պարույրի ձև և արագ մեծացավ»:

Պարույրը ձևավորվել է դրանից երեք ժամ առաջ Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից տիեզերք դուրս եկած Falcon 9 հրթիռից արտանետված վառելիքից: Հրթիռը հաջողությամբ Երկրի ուղեծիր էր հասցրել SpaceX-ի 51 Starlink կապի արբանյակ:

SpaceX-ի հրթիռների յուրաքանչյուր արձակում չէ, որ հանգեցնում այսպիսի պարույրի առաջացման: Դրանցից շատերը տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի հսկայական, դատարկ տարածության վերևում կամ օրվա ընթացքում, երբ դրանք ընդհանրապես տեսանելի չեն: Այնուամենայնիվ, SpaceX-ի արձակումների թվի աճին զուգահեռ այս պարույրները վերջին տարիներին ավելի տարածված են դարձել։

Հունվարի 18-ին Մաունա Կեա լեռան վրա տեղադրված Subaru-Asahi տեսախցիկի միջոցով Հավայան կղզիների երկնքում ֆիքսվել էր մեկ այլ այսպիսի պարույր: Նույն տեսախցիկը 2022-ի ապրիլին ֆիքսել է նաև մեկ այլ պարույր:

Սակայն այս լուսային շոուները միայն SpaceX-ի հրթիռների թռիչքների պատճառով չէ, որ առաջանում։ Այսպիսի մի պարույր 2022-ի ապրիլին առաջացել է չինական հրթիռից արտանետված վառելիքի սառչելու հետևանքով։ Նման մեկ այլ դեպք 2017-ի հոկտեմբերին, տեղի է ունեցել Սիբիրի երկնքում։

 


 
 
 
 
  • Արխիվ