James Webb-ը լուսանկարել է միաձուլվող գալակտիկա, որից արձակված լույսը համարժեք է ավելի քան 1 տրլն արևի լույսին

19 ապրիլի, 2023  21:31

James Webb տիեզերական աստղադիտակը հերթական հիանալի լուսանկարն է արել։ Այս անգամ այն ֆիքսել է Օձ համաստեղությունում Երկրից 250 միլիոն լուսատարի հեռավորության վրա գտնվող Arp 220 համատեղ անունն ստացած երկու գալակտիկաները, որոնք այժմ միաձուլման փուլում են։

Այս գալակտիկաների միաձուլումը տեղի է ունենում արդեն երկար ժամանակ, նույնիսկ տիեզերական չափանիշներով: Աստղագետները կարծում են, որ Arp 220 գալակտիկաները սկսել են միաձուլվել 700 միլիոն տարի առաջ։ Դրանք Ծիր Կաթինի նման պարույրներ են և ունեն նմանատիպ պոչեր, տեղեկացնում է Space.com-ը:

Երբ Arp 220-ի գալակտիկաները սկսել են միաձուլվել, առատ գազն ու փոշին առաջացրել են աստղերի ինտենսիվ ձևավորման գործընթաց, որոնց մեծ մասը կենտրոնացել է իրենց փոշոտ կենտրոնական շրջաններում: «Այս փոքրիկ տարածաշրջանում գազի քանակը հավասար է Ծիր Կաթին գալակտիկայի ամբողջ գազին»,- լուսանկարի նկարագրությունում գրել է James Webb-ի թիմը։

James Webb-ն առաջինը չէ, որը լուսանկարել է Arp 220-ը: 2002-ին NASA-ի Hubble տիեզերական աստղադիտակի լուսանկարները առանցքային նշանակություն են ունեցել Arp 220-ի գալակտիկաների միջուկները հայտնաբերելու համար: NASA-ի Chandra X-Ray աստղադիտարանը նույնպես դիտարկել է Arp 220-ը և արձանագրել այս կենտրոններից դուրս եկող ռենտգենյան ճառագայթներ։

Աստղագետները նախկինում կարծում էին, որ, ինչպես իր կենտրոնական շրջանը, Arp 220-ի մեծ մասում աստղային կուտակումներ կան, սակայն վերջին հետազոտությունը, որի շրջանակում վերլուծվել են Hubble-ի նկարները, պարզել է, որ մոտ 100 միլիոն տարի առաջ աստղերի ձևավորումն «անսպասելիորեն դադարել է ամենուր», գուցե հենց միաձուլման հետևանքով:

Լուսանկարն անելու համար James Webb-ը կիրառել է իր մերձակա սպեկտրի ինֆրակարմիր տեսախցիկը (Near Infrared Camera (NIRCam)), որն աստղադիտակի հիմնական տեսախցիկն է, ինչպես նաև միջին սպեկտրի ինֆրակարմիր գործիքը (MIRI)։ Երկու գործիքներն էլ հարմար էին, քանի որ Arp 220-ն ամենապայծառը փայլում է ինֆրակարմիր ալիքի երկարություններում: Այս օբյեկտի լույսը համարժեք է «ավելի քան մեկ տրիլիոն արևի» լույսին։ Համեմատության համար, Ծիր Կաթինի պայծառությունը հավասարազոր է մոտ 10 միլիարդ արևի լույսին, ասվում է լուսանկարի նկարագրությունում։ 


 
 
 
 
  • Արխիվ