BIM տեխնոլոգիաները շինարարությունում. զարգացման միտումներն աշխարհում և Հայաստանում 2023 թ․

13 ապրիլի, 2023  20:10

BIM-ը (Building Information Modeling) տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիա է, շենքի ճշգրիտ թվային պատճենը: Վերջին մի քանի տարիներին BIM-ը համարվում է շինարարության թվայնացման հիմնական միտումը բոլոր շուկաներում, սակայն դեռ չի կարելի ասել, որ այս տեխնոլոգիայի տարածումն ընդգրկել է շինարարության բոլոր փուլերը։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ BIM-ի ներդրումը գործնականում բազմաթիվ դժվարությունների հետ է կապված, պահանջում է մի շարք պայմաններ և որոշակի նախապատրաստություն։

NEWS.am Tech-ը ոլորտի մասնագետների հետ զրուցել է BIM-ի զարգացման և ստանդարտացման միտումների, ինչպես նաև տեխնոլոգիայի ներդրման դժվարությունների մասին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

Ի՞նչ է BIM-ը

BIM-ը, ըստ ճարտարապետ Գլեբ Սոբոլի («Остоженка», IND Architects), շենքի ճշգրիտ 3D մոդելն է, որը պարունակում է ինժեներական, էլեկտրականության և շինանյութերի մասին բոլոր տեղեկությունները:

«Հարկի հատակագիծը կամ շինարարական որևէ հատված ստանալու համար հարկավոր չէ այն զրոյից ձեռքով գծել, դուք կարող եք պարզապես նշում անել մոդելի մեջ, որից ծրագիրն ավտոմատ կերպով ստեղծում է գծագրի կամ տվյալ հատվածի փաստաթղթերը, որոնք արդեն պատրաստ են տպելու համար։ Դա կարելի է անմիջապես շինարարներին տալ»,- ասում է նա։

Ըստ փորձագետի՝ BIM-ի հիմնական հարմարավետությունն այն է, որ այն կրճատում է նախագծողի աշխատաժամանակը, շտկումները կատարում է արագ, հնարավորություն է տալիս տեսնել շենքի ողջ կյանքի ցիկլը, նյութերի մաշվածության աստիճանը։

MODUS ՍՊԸ-ի BIM համակարգող Ալեքսանդր Սեմենկովն իր հերթին նշում է, որ BIM-ը տեխնոլոգիա է՝ նախատեսված նախագծման որակն ու արագությունը բարելավելու համար։

«BIM-ը շատ ճանապարհներ է բացում արդյունաբերության զարգացման առումով: Այս տեխնոլոգիայի շնորհիվ նախագծողը կարող է ավելի հստակ տեսնել շենքի բարդ ճարտարապետությունը, դրա շնորհիվ ավելի ճշգրիտ կատարել հաշվարկներն ու ինժեներական կոմունիկացիաները տեղակայել այնպես, որ դրանք չհատվեն հարակից հատվածների հետ։ Դա կնվազեցնի փորձաքննության այցերի թիվը, դրանով իսկ կնվազեցնի ծրագրի իրականացման արժեքը և կբարձրացնի արտադրանքի որակը: Բացի դրանից, եթե BIM-ն իրականացվի անմիջապես շինհրապարակում, տեղադրումը շատ ավելի հեշտ կլինի: Եթե նայենք ապագային, ապա BIM տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կտա ստեղծել ամբողջական քաղաքների թվային երկվորյակներ»,- ասում է նա։

Այս տեխնոլոգիայի արդիականությունն առավել հստակ արտահայտվում է թվերի մեջ:

Ըստ EMR-ի զեկույցի՝ 2021 թ․ շինարարության մեջ BIM-ի օգտագործման համաշխարհային շուկան գնահատվել է 3,3 մլրդ դոլար: 2023-2028 թվականներին կանխատեսվում է 15-20% աճ և մինչև 2027 թ․ կհասնի 7,6 մլրդ դոլարի: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ BIM շուկան մինչև 2030 թ․ կհասնի 52,5 մլրդ դոլարի:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ մինչև 2050 թ. մոլորակի բնակչությունը կհասնի 9,8 մլրդ-ի, և բնակչության արագ աճի պայմաններում բնակարանային կարիքները բավարարելու և կայունությունն ապահովելու համար BIM-ի ներդրումը թույլ կտա շինարարական ավելի արդյունավետ գործընթացներ իրականացնել, ինչպես նաև կնվազեցնի ռիսկերը անկանխատեսելի կլիմայական պայմաններ ունեցող տարածաշրջաններում:

Բոլոր երկրներում, ըստ քաղաքային ճարտարապետ Վալերիա Տատյանինայի (ArkitektBruket, Ստոկհոլմ), շենքերը կառուցվում են տեղական ռեսուրսներից, և կլիմայական պայմանների ու սեյսմիկ ակտիվության հետ կապված ռիսկերը ամենուր տարբեր են:

«Շվեդիայում, ինչպես Ռուսաստանում, ի սկզբանե տները կառուցվում էին փայտից, քանի որ այստեղ այն շատ կա, դա էժան է: Օրինակ՝ Թուրքիան շատ բետոն է արտադրում, և հասկանալի պատճառներով ուղղակի ծախսարդյունավետ չէ շեշտը դնել այնպիսի շինարարության վրա, որում գերակշռում է երկաթի օգտագործումը: Սակայն Թուրքիայում տեղի ունեցած վերջին սարսափելի իրադարձություններից հետո նրանք գուցե ստիպված լինեն փոխել շինարարական ստանդարտը՝ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը հաշվի առնելով։ Այսինքն՝ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե կարճաժամկետ հեռանկարում արդյոք այն կուժեղանա, թե ոչ։ Ահա հենց այստեղ է, որ BIM-ը կարող է շատ օգտակար լինել, քանի որ տեխնոլոգիան կարող է հաշվարկել այս բոլոր նրբությունները, ներառյալ նախագծի կայունությունը՝ հաշվի առնելով սեյսմիկ ակտիվությունը, կլիման և այլ գործոններ։ Այսինքն՝ այս տեխնոլոգիայի ներդրումը կարող է նվազեցնել կամ վերացնել բնակարանաշինության ռիսկերը»,- ասում է նա։

BIM-ի լավագույն հինգ միտումները, որոնք գերիշխել են 2022 թ.

  1. Արհեստական ​​բանականություն,
  2. Թվային երկվորյակի սկզբունք,
  3. Ամպային տեխնոլոգիաներ,
  4. Ավտոմատացում,
  5. Շենքերի էներգետիկ մոդելավորում։

«Օրինակ՝ Շվեդիայում բոլոր գործընթացները շատ թվայնացված են։ Վերջերս Մալմյոյում գտնվող մի ընկերություն սկսեց մշակել BIM-ի և արհեստական ​​բանականության համադրություն: Արհեստական բանականությունը, օրինակ, կարող է ստեղծել տվյալ տարածքում պլանավորման 30 տարբերակ: Ճարտարապետին մնում է միայն ընտրել։ Եթե այն ինտեգրվի BIM-ին, ապա մեծապես կարագանա ցանկացած բան ստեղծելու գործընթացը»,- նշում է Վալերիա Տատյանինան:

Վիկտոր Աուրովը, որն առաջատար ճարտարապետ է (KIDZ Design), իր հերթին ասում է, որ ամպային տեխնոլոգիաների շնորհիվ BIM-ը մեծապես հեշտացնում է ճարտարապետների փոխգործակցությունը ենթակապալառուների հետ՝ կոնստրուկտորներ, շինարարներ, կոմունիկացիաների մասնագետներ։

«Նրանք կարող են միաժամանակ աշխատել նույն մոդելում՝ նախագծի համար կատարելով իրենց սեփական հաշվարկները, որոնք ակնթարթորեն բեռնվում են ամպում: Այսինքն՝ դա մեծապես մեծացնում է նախագծման ճկունությունը»,- ասում է նա։  

Կիրառման դժվարություններ

NBS’ 10th National BIM Report-ի տվյալներով՝ վերջին 10 տարիների ընթացքում BIM ծրագրաշարի կիրառման զգալի աճ է գրանցվել, ընդ որում հարցվածների 73%-ը հայտնել է, որ ներկայումս գիտի և օգտագործում է BIM-ը: Այս ցուցանիշը զգալիորեն աճել է 2011 թ․ համեմատ, երբ միայն 13%-ն էր օգտվում BIM-ից, իսկ 43%-ն ընդհանրապես չգիտեր այս տեխնոլոգիայի մասին՝ 2020 թ․ 1%-ի համեմատ։

Անկախ դրանից, BIM տեխնոլոգիայի տիրապետումը կարող է վախեցնող թվալ: Օրինակ՝ շինարարության ոլորտի աշխատողների 48%-ը որպես BIM-ի օգտագործման հիմնական խոչընդոտ նշում է ուսուցման բացակայությունը, ինչը կարող է բացատրել, թե ինչու է հարցվածների 29%-ը ենթադրել, որ չի նկատել արտադրողականության աճ, նշում է Viewpoint-ը: Բացի դրանից, շատ փորձագետներ նշում են, որ առանց պատշաճ վերապատրաստման, շինարարության ոլորտի մասնագետները երբեք չեն կարողանա օգտագործել իրենց ողջ ներուժը:

Ինչպես նշում է Ալեքսանդր Սեմենկովը, անձամբ իր համար BIM-ի ներդրումը բարդ գործընթաց է։

«Հիմնական դժվարություններն են կադրերի որակավորումը, նրանց հետաքրքրվածությունը, ինչպես նաև կոնկրետ Ռուսաստանում այժմ պատժամիջոցների ազդեցությունը։ Ցանկացած նոր տեխնոլոգիա դժվար է ներդնել արդեն իսկ հաստատված չափանիշներով ոլորտում, հատկապես՝ նման բազմակողմանի ու բարդ տեխնոլոգիա։ Որպես BIM համադրող իմ խնդիրն է օգնել կայացած մասնագետներին հարմարվելու նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային նոր  գործընթացներին: Այո՛, սա երկար և շատ բարդ գործընթաց է, բայց գործնականում ես տեսնում եմ, որ այս բոլոր ջանքերի արդյունքում ստացվում է առավելագույն որակյալ և հուսալի նախագիծ»։

BIM-ի տարածվածությունը եվրոպական երկրներում՝ ըստ Planradar

Երկիր

BIM-ի օգտագործման մակարդակը

BIM-ը որպես ստանդարտ հաստատելու ամսաթիվ

BIM-ով աշխատող ընկերությունների տոկոսը

Միացյալ Թագավորություն

2 (պարտադիր է պետպատվերների համար), մի շարք խոշոր նախագծեր՝ 3 մակարդակ 3

2016 թ․ նախագծերի համար

73%

Գերմանիա

2, որոշ նախագծերի համար 1 և 3

2017 թ․, €100 միլիոնից ավելի նախագծերի համար

70%

Լեհաստան

1, միտված է 2-ի

2030 թ․ պետ​​բյուջեով կապիտալ շինարարության համար

43%

Ֆրանսիա

2

2022 թ․ հունվարի 1

Դեվելոպերների 35%-ը

Շինարարական ընկերությունների ծավալի 50-60%-ը

Խորվաթիա

0, որոշ նախագծեր՝ 1

Դեռ չի հաստատվել որպես ստանդարտ

Դիզայնի ինդուստրիայի 25%-ը

Բոլոր պայմանագրերի 4%-ը

Ավստրիա

1, աճը դեպի 3

2018-2020 թթ․ հասարակական շենքերի գների վերահսկման համար

20%

Ռուսաստան

1, աճը դեպի 2 և 3

2022թ․ մարտի 1,  պետության կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերի համար

12%

BIM-ը Հայաստանում

NEWS.am Tech-ը զրուցել է նաև Հայաստանում նախագծերի վրա աշխատող ճարտարապետական ​​ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ithaka Studio-ում ասում են, որ BIM տեխնոլոգիա օգտագործել են, մասնավորապես, Դիլիջանում առանձնատան նախագծի վրա աշխատելիս, ինչպես նաև Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման և մի շարք այլ նախագծերի ժամանակ։

«BIM-ին ամբողջությամբ անցնելու մեծ դժվարություններից մեկն այն է, որ ինժեներ-մեխանիկներն ու ինժեներ-կոնստրուկտորները գրեթե չեն օգտագործում այս տեխնոլոգիան: Մենք պետք է նրանց համար ամբողջ նյութն էքսպորտ անենք CAD: Հիմնական խնդիրը լիցենզավորումն է։ Հայաստանում նախագծերի գները ցածր են, և հաճախ հնարավոր չէ յուրաքանչյուր լիցենզիայի համար վճարել 2000 դոլար: Եթե ​​գներն ավելի մեղմ լինեին և ավելի համարժեք հայկական շուկային, վստահ ենք, որ այս տեխնոլոգիայի մասնագետները շատ ավելի շատ կլինեին»։

Storaket Architectural Studio-ի ճարտարապետ, BIM մենեջեր Կասրա Համիդին իր հերթին նշում է, որ իրենց ընկերությունն օգտագործում է BIM տեխնոլոգիան գրեթե բոլոր նախագծերում, բացառությամբ ինտերիերի դիզայնի մի քանի փոքրեր նախագծերի:

«BIM-ի բոլոր հնարավորություններն օգտագործելու առավելություններից օգտվող երկրները  նրանք են, որոնց կառավարությունները BIM-ի օգտագործմանն աջակցել են ստանդարտների, ձևանմուշների և BIM-ի կատարման պլանի իրենց տարբերակի ստեղծման միջոցով: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս ուղղակիորեն չի աջակցում BIM-ի կիրառմանը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ընկերություն կարող է ունենալ այս տեխնոլոգիան օգտագործելու իր չափանիշները»,- ասում է նա։

BIM տեխնոլոգիաների օգտագործումը ուղղակիորեն բխում է հաճախորդի պահանջներից և նախագծային խմբերի և հաճախորդի միջև կնքված պայմանագրից: Քանի որ կառավարությունն աջակցություն չի ցուցաբերում այս ոլորտում, շատ մասնագետներ իրականում նախընտրում են պատրաստել 3D մոդել և ավանդական շինարարական փաստաթղթեր (վերջնական տպագիր շինարարական ալբոմ):

Հայաստանում BIM-ին լիարժեք անցնելու հետ կապված դժվարությունները, փորձագետների կարծիքով, հետևյալն են.

  1. Կառավարության կողմից BIM ստանդարտներին պետական ​​աջակցության բացակայությունը,
  2. Չկան մասնագետներ, որոնք BIM կատարման պլանով (BIMEP) աշխատել են իրական նախագծի վրա: Նույնիսկ եթե կան այդպիսիք, ապա չկա ընդհանուր մի տեղ, ուր տարբեր ընկերությունների BIM մենեջերները կարող են կիսվել տեղեկություններով:

«Ժամանակակից շենքի պահանջներին համապատասխանող մեծ, բայց հաջողված նախագծեր ունենալու համար BIM-ի կիրառումն անխուսափելի է։ Օրինակ՝ մենք ստեղծել ենք մեր սեփական հարթակը, որը կոչվում է Archestr: Այն ամպի վրա հիմնված հարթակ է, որտեղ մշակողները, ճարտարապետները և մատակարարները արդյունավետորեն համագործակցում են շինանյութերի գնման հարցում, և բոլոր այդ գործողությունները հնարավոր են դարձել BIM-ի շնորհիվ»:


 
 
 
 
  • Արխիվ