Ինչպե՞ս վաստակել $20,000. OpenAI-ն օգտատերերին կվճարի ChatGPT-ում սխալներ գտնելու համար

12 ապրիլի, 2023  11:51

OpenAI ընկերությունը պատրաստ է օգտատերերին մինչև 20,000 դոլար վճարել՝ ChatGPT չատբոտում սխալներ և խոցելիություններ գտնելու համար: Բլոգային գրառմամբ ընկերությունը հայտարարել է, որ սկսում է արհեստական բանականությամբ աշխատող պրոդուկտներում խոցելիության որոնման ծրագիր և այն ավելի արդյունավետ իրականացնելու համար համաձայնագիր է կնքել Bugcrowd Inc պլատֆորմի հետ, որը կհավաքի և կվերլուծի օգտատերերի հարցումները:

Ինչպես տեղեկացնում է Foxbusiness-ը, «Բագեր հայտնաբերելու պարգևատրման ծրագրի» (Bug Bounty Program) շրջանակում օգտատերերը կարող են ֆինանսական պարգևներ ստանալ «արժեքավոր գաղափարների համար, որոնք կօգնեն պահպանելու մեր տեխնոլոգիաների և ընկերության անվտանգությունը»: Ծրագրի շրջանակում անհատները կարող են ստանալ 200 դոլար «ոչ էական» սխալներ և խոցելիություններ գտնելու և մինչև 20,000 դոլար «բացառիկ» խնդիրներ գտնելու համար։

Նրանք, ովքեր կհայտնաբերեն այսպես կոչված «Անվտանգության մոդելի խնդիրներ» (օրինակ՝ չատբոտի պատասխանների բովանդակության հետ կապված խնդիրները), չեն կարող պարգևատրում ակնկալել, քանի որ դրանք «առանձին սխալներ չեն, որոնք կարող են ուղղակիորեն ուղղվել»:

Բայց վճարման, նույնականացման և տվյալների բացահայտման հետ կապված խնդիրների հայտնաբերման համար պարգևատրում նախատեսվում է։

«Այս նախաձեռնությունը մեր ընդհանուր տեսլականի բնական մասն է՝ զարգացնելու անվտանգ և առաջադեմ ԱԲ: Մենք ցանկանում ենք ստեղծել անվտանգ և հուսալի տեխնոլոգիաներ և ծառայություններ, ուստի ցանկանում ենք ձեր օգնությունը խնդրել»,- ասվում է ընկերության բլոգում։


 
 
 
 
  • Արխիվ