Ի՞նչ անել, որ Հայաստանում գիտությունը դառնա մրցունակ, երկիրը հայտնվի նորարարություններով առաջատարների շարքում

12 ապրիլի, 2023  21:24

Ի՞նչ անել, որպեսզի Հայաստանում գիտությունը դառնա մրցունակ ու ավելի մեծ հաջողությունների հասնի, որպեսզի այստեղ նոր տեխնոլոգիաներ ստեղծվեն աշխարհի համար, և Հայաստանը նորարար առաջատար երկրների շարքում հայտնվի, և ի՞նչ է պետք անել կրթության ոլորտում այս նպատակներին հասնելու համար։ Սրանք են խնդիրները, որոնք իր առջև դրել է FAST հիմնադրամը, NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է հիմնադրամի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։

«Փորձում ենք հասկանալ՝ գիտությունը, նորարարությունը ինչպես պետք է զարգացնել, ու այդ ամենի հետ կորելացված կրթության հետ ինչ է պետք անել: Ունենք մի ծրագիր, որն իրականացնում են ԿԳՄՍ նախարարության հետ, ավագ դպրոցի երեխաներին մաթեմատիկայի ուսումնառությունն ենք խորացնում, ծանոթացնում ենք նրանց արհեստական բանականության (ԱԲ) հետ, նաև ապագա գիտնականների կարիերայի հեռանկարներն ենք ցույց տալիս»,- ասում է նա:

Հիմնադրամն առհասարակ երեք տեսակի ծրագրեր է իրականացնում՝ կրթական (խոսքը մաթեմատիկական, բնագիտական ուղղությունների և ձեռնարկատիրական ուղղության մասին է), միջազգային գիտական, որի նպատակն է Հայաստանում գիտությունը դարձնել մրցունակ, և նորարարական պրոդուկտների ստեղծման ծրագրեր, որը ներառում է և՛ ստարտափների աջակցություն, և՛ ներդրումների ներգրավումը և այլն: Հիմնադրամն ունի նաև գիտական դրամաշնորհներ, որտեղ Սփյուռքի հայ գիտնականներին և օտարերկրյա առաջատար գիտնականներին փորձում է այստեղի գիտնականների հետ կապել, որպեսզի համատեղ հետազոտություններ անեն աշխարհի համար:  

Կոնկրետ ավագ դպրոցներում իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի նպատակն է հասկանալ, թե ինչ կրթական ուղի մարդը պետք է անցնի, որպեսզի դառնա հետազոտող ու նորարար ԱԲ ոլորտում, և այս ծրագրի միջոցով մաթեմատիկայի խորացված ուսումնառությունը հասանելի են դարձնում ավելի շատ երեխաների:

«Այսօր մաթեմատիկական լավ կրթություն կա ընդամենը 5-6 դպրոցում, լավ ուսուցիչները, լավ ծրագրերն այնտեղ են: Բայց դա չի նշանակում, որ ունենք այդքան տաղանդ, մենք ավելի շատ տաղանդներ ունենք, ուղղակի հասանելիության խնդիր կա: Հիմա ուզում ենք մաթեմատիկական լավ կրթությունը հասանելի դարձնել ավելի շատ երեխաների»,- ասում է Սյուզաննա Շամախյանը՝ հավելելով, որ նաև օժանդակ նյութեր են մշակում ուսուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան մաթեմատիկան ավելի հետաքրքիր մատուցել։

Այնուհետև այդ ուսուցիչներին ծրագրավորման հիմունքներ են սովորեցնելու, ներգրավելու են լավագույն մասնագետներին, որպեսզի նրանք դպրոցում դասավանդեն։ Արդեն 11-րդ դասարանում, երբ կխորանա գիտելիքը, այն աշակերտները, որոնք կարող են մաթեմատիկա, ծրագրավորման ավելի առաջադրանքներ կատարել, նրանց կտրվի հնարավորություն, որպեսզի սկսեն սովորել ԱԲ ավելի խորացված կուրսեր: «Դրանք լինելու են միջին մասնագիտականին համարժեք: Դրա իմաստն այն է, որ եթե աշակերտը կարող է արագ սովորել ու խորանալ, իրեն այդ հնարավորությունը տանք: Հետո նաև բուհի մակարդակում էլ ենք իրենց աջակցելու»,- վստահեցնում է նա:

Suzanna Shamakhyan 3 (2).JPG (1.01 MB)

Ծրագիրը սեպտեմբերից որպես պիլոտային կսկսվի կիրառվել 10 դպրոցում, հիմնականում՝ մարզերում, հետագայում պետք է կիրառվի բոլոր դպրոցներում: Ծրագիրը, որում կիրառվելու է նաև հիբրիդային ուսումնառության մոդելը, ունի մի քանի շերտ՝ ուսուցիչների վերապատրաստում, նոր ուսուցիչների ներգրավում (կդասավանդեն ծրագրավորման հատվածները), ուսումնական նյութերի մշակում:

«Օրինակ՝ ծրագրավորման ու արհեստական բանականության հմտությունները հիբրիդային ֆորմատով են արվելու: Այսինքն՝ ուսուցիչը  մի մասն օնլայն է անելու, մի մասը աշակերտի հետ դասարանում է աշխատելու, որպեսզի ուսուցիչների քանակի խնդիրն էլ լուծվի, որովհետև այդ հարցը ծագում է՝ ինչպե՞ս անել, որ մարզի դպրոցում ապահովվի ուսուցչի առկայությունը»,- ասում է նա:

Բացի դրանից, լինելու է կարիերայի կողմնորոշման գործընթաց, որտեղ փորձելու են աշակերտներին ցույց տալ տարբեր մասնագիտություններ, այդ թվում՝ գիտական, մաթեմատիկահեն, որպեսզի իրենք ավելի պատրաստված լինեն: Հիմնադրամը գործընկերների միջոցով իրականացնելու է նաև անգլերենի բարելավմանն ուղղված ծրագիր, քանի որ 11-րդ դասարանից ուսումնառությունն իրականացվելու է անգլերեն նյութերով։

«Դրա համար ուզում ենք երեխաների մոտ առավելագույնս շուտ ուժեղացնել լեզուն, որովհետև գիտության լեզուն, իրականում, անգլերենն է: Եթե մենք ուզում ենք նորարարներ ունենալ, ինչքան շուտ իրենց այդ աշխարհ տանենք, ու արդի նյութերից կարողանան օգտվել, այդքան ավելի լավ: Միայն այս տարի մոտ 150 աշակերտ պետք է այդ պիլոտային ծրագրում ներգրավվի, և ամեն տարի դպրոցների թիվը պետք է շատանա»,- նշում է նա:

Սյուզաննա Շամախյանն ասում է, որ Հայաստանում մաթեմատիկայի վիճակը բավականին վատ է․ միասնական քննությունների արդյունքներով աշակերտների մեծ մասը նվազագույն շեմը չի հաղթահարում նույնիսկ։

«Իրականում մարդկանց շատ փոքր սեգմենտին է դա հասանելի: Նորից հասանելիության խնդրին ենք վերադառնում: Իսկ մաթեմատիկան հիմքն է ֆիզիկայի, ինժեներության և բոլոր այդ մասնագիտությունների: Վատ մաթեմատիկայի պատճառով շատ մարդիկ ֆիզիկայի չեն ձգտում, ռոբոտաշինության չեն ձգտում: Այդ խնդիրը այս ծրագրով փորձում ենք լուծել, որպեսզի մաթեմատիկան ամեն դեպքում ուժեղացնենք»,- ասում է նա:

Suzanna Shamakhyan 3 (1).JPG (981 KB)

Հիմնադրամը նաև փորձում է գործընկերներին համախմբել այս ծրագրի շուրջը: Օրինակ՝ հիմա «Արմաթ» ծրագրերը «Արմաթ+» ծրագիր են մտածում ու գուցե ռոբոտաշինությունը միանա այս ծրագրին, այսինքն՝ ֆիզիկա-ռոբոտաշինությունն իրենք անեն, իսկ մաթեմատիկան ու ծրագրավորումը՝ հիմնադրամը, իսկ հետո դրանք միանան իրար ու ընդլայնվեն:

Հիմնադրամն այս պահին կենսաբանության ու քիմիայի ուղղությամբ ծրագիր չունի, ռեսուրսը չի հերիքում: «Փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկան գործընկերների միջոցով կարողանանք ներգրավել, որպես երկրորդ կարևոր մասնագիտություն: Նաև փորձելու ենք կարիերայի կողմնորոշման, այսպես ասած, ավելի փափուկ բաղադրիչում որքան հնարավոր է շատ բնագիտական ոլորտներ ներկայացնենք, որովհետև գիտական ծրագրերում մենք ֆինանսավորում ենք և՛ կենսաբաններին, և՛ քիմիկոսներին, և ֆիզիկոսներին: Կրթականում ռեսուրսը չի հերիքում, բայց փորձելու ենք այդ գիտնականների հնարավորություններն ավելի հասանելի դարձնել աշակերտներին, որպեսզի իրենք պատկերացնեն, որ արժի, օրինակ՝ քիմիան սովորել»,- ասում է նա:

Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ հիմնադրամը փորձում է միջազգային փորձը առավելագույնս բերել այստեղ և դրա համար ունեն մասնագիտական խմբեր, որտեղ աշխատում են և՛ տեղի, և՛ դրսի մասնագետներ, որպեսզի վերլուծեն լավագույն փորձը, ադապտացնեն այն: Բացի դրանից, կա դրսից մասնագետների մեկ այլ խումբ, որը վերանայում է այդ ամենը: Օրինակ՝ արհեստական բանականության վերաբերյալ իրենց մասնագետները մշակել են նյութերի շարք, որը փորձում են ադապտացնել, կապել կրթական տարրին:

«Ուզում ենք այնպես անել, որ արհեստական բանականության ներածական կոնտենտը հասանելի լինի ցանկացած մարդու, նույնիսկ առանց մաթեմատիկական կրթության: Մենք մտածում ենք, որ և՛ իրավաբանը, և՛ լրագրողը, և՛ քաղաքագետը, բոլորս պետք է բազային գրագիտություն ունենանք, թե ինչ է արհեստական բանականությունը, ինչպես է աշխատում, ինչու է աշխատում: Դա նվազագույնն է, իսկ առավելագույնը՝ լավագույն տաղանդներին վեր հանելն է, նրանց լավ կրթություն ստանալու հնարավորություն տալը Հայաստանում, որպեսզի կարողանան այս ոլորտում աշխատել, ոչ թե հեռանան կամ ստիպված գնան բանկային համակարգում աշխատելու»,- ասում է նա:


 
 
 
 
  • Արխիվ