Twitter-ն անջատել է անվճար մուտքն իր API-ին. շատ հավելվածներ և կայքեր խնդիրների են բախվել

7 ապրիլի, 2023  16:27

Twitterանջատել է անվճար հասանելիությունն իր API-ին, ինչը հանգեցրել է բազմաթիվ հավելվածների և կայքերի աշխատանքի խաթարմանը, որոնք օգտագործում էին API-ը սոցիալական ցանցից բովանդակություն տարածելու համար:

WordPress-ը, օրինակ, հայտնել է, որ դրա վրա հիմնված կայքերը որոշ ժամանակ չէին կարողանում Twitter-ից գրառումներ վերցնել «իմբեդ» կոդով: Սակայն որոշ ժամանակ անց
խնդիրը լուծվել է։

Նորություններ կարդալու Flipboard հավելվածը զգուշացրել է այս հավելվածի միջոցով թվիթներ կարդացող օգտատերերին, որ այս գործառույթը ևս կանջատվի։

Substack հարթակը, որը գրողներին թույլ է տալիս թվային տեղեկագրեր ուղարկել անմիջապես իրենց բաժանորդներին, նույնպես հայտնել է թվիթերյան գրառումներից օգտվելու հետ կապված խնդիրների մասին:

Անվճար API-ին հասանելիությունն արգելափակելուց կարճ ժամանակ առաջ Twitter-ում այլ փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ արգելք է սահմանվել Twitter-ի երրորդ կողմի հաճախորդների նկատմամբ։ Այնուամենայնիվ, այսպիսի հաճախորդները կազմում են անվճար API օգտագործողների մի փոքր մասը միայն:

Այսօր հիմնական խնդիրներից մեկն այն է, որ այժմ ծրագրավորողների համար դժվար է կապ հաստատել Twitter-ի աշխատակիցների հետ, որպեսզի ինչ-որ կերպ լուծեն ծագած խնդիրները. ծրագրավորողների հետ հաղորդակցության համար պատասխանատու անձնակազմի մեծ մասն աշխատանքից ազատվել է ընկերությունում զանգվածային կրճատումների ժամանակ:

Հիշեցնենք, որ ծախսերը կրճատելու շրջանակում Twitter-ը մարտի 20-ից դադարեցրել է երկգործոն նույնականացման (2FA) օգտագործումը SMS-ի միջոցով այն օգտատերերի համար, որոնք չունեն Twitter Blue-ի բաժանորդագրություն: Այս բաժանորդագրությունն արժե ամսական $13, և եթե օգտատերը պատրաստ չէ վճարել դրա համար, ապա նրա օգտահաշիվն ավելի խոցելի կդառնա հաքերների համար։

Եվ ավելի շատ գովազդատուներ ներգրավելու համար Twitter-ը փոխել է իր քաղաքականությունը և դարձել առաջին սոցիալական հարթակը, որը թույլ տվեց կանեփի (մարիխուանա) արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին գովազդել իրենց արտադրանքը: Այս որոշումն ընդունվել է, կարծես թե, այն ֆոնին, երբ Իլոն Մասկի կողմից սոցցանցի ձեռքբերումից հետո գովազդատուներն սկսել էին զանգվածաբար լքել սոցհարթակը, ինչը բացասաբար է ազդել ընկերության եկամուտների վրա։

Այսպես, 2022 թ․ դեկտեմբերին Twitter-ի հասույթը և ճշգրտված շահույթը նվազել են 40%-ով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ