Անվտանգությունն այլեւս կարեւոր չէ՞: Microsoft-ը կրճատել է անվտանգության ոլորտի 559 մասնագետների

30 մարտի, 2023  18:51

Microsoft-ը աշխատանքից ազատել է անվտանգության 559 մասնագետների, թեեւ տարվա սկզբին կորպորացիայի անվտանգության հարցերով գործադիր փոխնախագահ Չարլի Բելը պնդում էր, որ ընկերությունում նախատեսված կրճատումները չեն առնչվի այս մասնագետներին:

Այժմ նա իր ենթականերին ուղղված նամակում հաստատել է կրճատումների մասին տեղեկությունը, հայտնում է Business Insider-ը։

«Անվտանգությունը մնում է ընկերության եւ մեր հաճախորդների համար ներդրումների կարեւորագույն ոլորտը, ու թեեւ մենք վերակառուցել ենք որոշ ոլորտներ, կշարունակենք ներդրումներ կատարել մյուսների զարգացման մեջ»,- գրել է նա:

Չարլի Բելը համարվում է Amazon Web Services-ի հիմնադիրներից մեկը, ուստի շատերը զարմացան, երբ 2021 թվականին նա թողեց Amazon-ը եւ միացավ Microsoft-ին, որտեղ գլխավորեց կիբերանվտանգության նոր ստորաբաժանումը: Թվում էր, թե հենց անվտանգությունը կդառնա Microsoft-ի ներդրումների կարեւոր ոլորտներից մեկը։

2022 թվականի մայիսին Բելը պատմել էր Microsoft-ի անվտանգության նոր ծառայության վերաբերյալ իր «հզոր» ծրագրերի մասին, բայց արդեն հունիսին նրա ստորաբաժանում աշխատակիցների ընդունումը զգալիորեն դանդաղել էր։ Իսկ այժմ այս ստորաբաժանումում կրճատումներ են սկսվել:

«Սա չի նշանակում, որ մենք ապահովագրված ենք ծանր տնտեսական իրավիճակից ամբողջ աշխարհում, սակայն մեր թիմի վրա ազդեցությունը համեստ է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում շատ այլ տեխնոլոգիական ընկերություններում»,- գրել է Բելը գործընկերներին ուղղված նամակում:

Նշենք, որ այս տարի լայնածավալ կրճատումներ են իրականացվում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մեծ մասում։ Օրինակ՝ Amazon-ը 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվար մոտ 18000 աշխատատեղ է կրճատել եւ առաջիկա շաբաթներին նախատեսում է աշխատանքից ազատել եւս 9000 մարդու։

Meta-ում չորս ամսում կրճատել են 21000 աշխատատեղ՝ ընկերության ողջ աշխատուժի մոտ 25%-ը։

Yahoo-ն, իր հերթին, նախատեսում է կրճատել իր աշխատակիցների ավելի քան 20%-ը՝ մոտ 1600 մարդու:

Լայնածավալ կրճատումները առնչվել են նաեւ այնպիսի հսկաների, ինչպիսիք են Boeing-ը, Disney-ը եւ շատ այլ ընկերություններ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ