Amazon-ը կրճատում է ևս 9000 աշխատակցի․ նրանց մի մասին կարող է փոխարինել արհեստական բանականությունը

21 մարտի, 2023  10:25

Amazon ընկերությունը նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում աշխատանքից ազատել ևս 9000 մարդու։ Այս մասին աշխատակիցներին ուղղված նամակում հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Էնդի Ջեսին։

Սա ընկերությունում լայնածավալ կրճատումների երկրորդ ալիքն է․ 2022 թ․ նոյեմբերից մինչև 2023 թ․ հունվար Amazon-ն արդեն կրճատել է մոտ 18,000 աշխատատեղ։ Ազատված աշխատակիցների մեծ մասն աշխատում էին կադրերի ընդունման և HR բաժիններում։

Տեղեկություններ կան այն մասին, որ ընկերությունը մտադիր է այս բաժինների աշխատողների մի մասին փոխարինել արհեստական բանականությամբ, որը կարող է որոշել, թե աշխատանք փնտրողներից ովքեր ունեն տվյալ պաշտոնի համար առավել մեծ ներուժ և նրանց ընտրել հաջորդ՝ հարցազրույցի փուլի համար՝ առանց մարդ մասնագետի վերահսկողության:

Ինչպես տեղեկացնում է cnbc.com-ը, կրճատումների ալիքի շրջանակում աշխատանքից կազատվեն ամպային ծառայության և Twitch բաժինների, ինչպես նաև գովազդային և դարձյալ HR բաժինների աշխատողներ։

Ջեսիի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունը զգալիորեն ավելացրել է իր աշխատակիցների թիվը, սակայն այսօրվա տնտեսական անկայուն միջավայրը ստիպում է կրճատել ծախսերը և աշխատատեղերը: Ինչպես նշել է Ջեսսին, այժմ բիզնեսը պետք է դառնա «ավելի կոմպակտ» և ներդրումներ անի միայն երկարաժամկետ հիմնական նախագծերում։

2019 թ․ Amazon-ում աշխատում էր 798,000 մարդ, սակայն COVID-19 համաճարակի ժամանակ ընկերությունն սկսեց ակտիվ կերպով նոր մարդկանց ընդունել աշխատանքի, և աշխատակիցների թիվն արագ աճեց մինչև 1,6 միլիոն: Այնուամենայնիվ, համաճարակից հետո ընկերությունն ստիպված եղավ զանգվածային կրճատումներ անել։

Amazon-ը նաև սառեցրել է աշխատանքի ընդունման գործընթացը, կրճատել է որոշ փորձարարական նախագծեր և դանդաղեցրել իր պահեստների ընդլայնումը։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ