Մինչ օրս ձեռք է բերվել 19,3 միլիոն բիթքոյն, որից մոտ 6 միլիոնը անդառնալիորեն կորած է

30 մարտի, 2023  21:02

Մինչ օրս մարդկանց հաջողվել է ձեռք բերել 19,3 միլիոն բիթքոյն, որից մոտ 6 միլիոնը անդառնալիորեն կորած է։ Cane Island Alternative Advisors-ի վերլուծաբան Թիմոթի Փիթերսոնի խոսքով, ներկայումս շրջանառության մեջ է ընդամենը 13,3 միլիոն բիթքոյն:

Նրա խոսքով, առաջիկա 100 տարիների ընթացքում մնացել է ձեռք բերել ընդամենը 1,7 միլիոն բիթքոյն, որից մոտ մեկ միլիոնը եւս կկորչի: Եվ եթե նրա գնահատականները ճիշտ են, ապա այսօր շրջանառվող 13 միլիոն բիթքոյնը «այն ամենն է, ինչին մենք կարող ենք հասանելիություն ունենալ մեր ողջ կյանքի ընթացքում»:

Սակայն ոչ բոլոր վերլուծաբաններն են համաձայն Փիթերսոնի գնահատականների հետ։ Բլոգեր The Bitcoin Researcher-ը, օրինակ, կարծում է, որ այսօր շրջանառվող բիթքոյնների ծավալը կազմում է 15,5 միլիոն մետաղադրամ: Նրա խոսքով, բիթքոյնները կարելի է կորած համարել, եթե վերջին 7 տարվա ընթացքում դրանք չեն տեղաշարժվել։

Ըստ Փիթերսոնի տվյալների՝ օրական անդառնալիորեն կորչում է միջինը մոտ 1500 բիթքոյն։ Դեռեւս 2020 թվականին նա ենթադրել է, որ մի քանի տարի անց շրջանառության մեջ գտնվող բիթքոյնների թիվը կկազմի 14 միլիոն մետաղադրամից պակաս:

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին, FTX կրիպտոբորսայի սնանկության ֆոնին բիթքոյնի գինը ընկել էր մինչեւ երկու տարվա նվազագույնը` հասնելով 15,625 դոլարի: Սակայն որոշ ժամանակ անց կրիպտոարժույթների գները սկսեցին աճել, եւ շուտով բիթքոյնը հասավ 23 000 դոլարի, իսկ 2023 թվականի փետրվարին այն հաղթահարեց 25 000 դոլարի սահմանագիծը:

Համեմատության համար նշենք, որ այս կրիպտոարժույթը իր պատմական 68 982 դոլար առավելագույնին հասել է 2021 թվականի նոյեմբերին:

Այսօր մեկ բիթքոյնը գնահատվում է 28 562 դոլար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ