Տնտեսական հնարավոր ճգնաժամի մտավախությունների ֆոնին միջազգային խոշոր ընկերություններն այս տարի կշարունակեն կրճատել իրենց անձնակազմը և նվազեցնել թափուր աշխատատեղերի թիվը։ Առաջիկա ամիսներին զանգվածային կրճատումներ են նախատեսվում Amazon-ում, Vimeo-ում, Twitter-ում և նույնիսկ McDonald's-ում։
Amazon-ն ավելի քան 18,000 աշխատակցի կազատի աշխատանքիցAmazon-ում սպասվում են ընկերության պատմության մեջ ամենախոշոր կրճատումները․ աշխատանքից կազատվի ավելի քան 18,000 մարդ, թեև վերջերս հայտարարվել էր, թե նախատեսվում է կրճատել ընդամենը մոտ 10,000 աշխատող:Լրատվամիջոցների տվյալներով՝ աշխատանքից կազատվեն Amazon Fresh և Amazon Go օֆլայն խանութների բազմաթիվ աշխատակիցներ, մեծ կրճատումներ են նախատեսվում նաև սարքերի մշակման բաժնում (ներառյալ բաժինը, որն զբաղվում է Alexa ձայնային օգնականով), ինչպես նաև HR ծառայությունում։ The Guardian-ի գնահատականներով՝ կկրճատվի ընկերության ողջ անձնակազմի առնվազն 6%-ը։ Հետաքրքիր է, որ ընկերության ներդրողները դրական են արձագանքել անձնակազմի կրճատման որոշմանը. նրանք վստահ են, որ դա դրական կազդի շահույթի վրա: Կրճատումների վերաբերյալ որոշման հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են գրեթե 2%-ով։
Twitter-ը չի վճարում խոստացված փոխհատուցումը աշխատանքից ազատելուց հետոՉնայած վերջերս Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել էր, որ այլևս կրճատումներ չեն լինի, ընկերությունում կրճատումները շարունակվում են։ Ավելին, նախկին և ներկա աշխատակիցների խոսքով, ընկերությունը մարդկանց աշխատանքից ազատելիս չի վճարում խոստացված փոխհատուցումը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հունվարի սկզբից Twitter-ը կրճատում է Դուբլինում և Սինգապուրում գտնվող գրասենյակների անձնակազմին և ղեկավարությանը։ Համագործակցության դադարեցման մասին ծանուցումներ են ստացել շատ մոդերատորներ և այն թիմերի աշխատակիցները, որոնք ստուգում են, թե որքանով են հրապարակումները համապատասխանում ապատեղեկատվության վերաբերյալ սոցցանցի կանոններին և քաղաքականությանը, ինչպես նաև աշխատակիցները, որոնք զբաղվում են օգտատերերի և կազմակերպությունների գլոբալ հարցումներով և աշխատում պետական լրատվամիջոցների հրապարակումների հետ:
Twitter-ի որոշ նախկին աշխատակիցներ լրատվամիջոցներին հայտնել են, որ հունվարի սկզբի դրությամբ իրենք չեն ստացել վերջնահաշվարկները, թեև աշխատանքից ազատվելուց անցել է ավելի քան երկու ամիս։ Որոշ աշխատակիցներ ավելի քիչ են ստացել, քան նրանց խոստացել էր ղեկավարությունը։ Աշխատակիցներից մեկն էլ ասել է, որ ստացել է ընդամենը 1/3-ը այն գումարի, որն ընկերությունը պայմանագրով պարտավորված է վճարել։
Հետաքրքիր է, որ աշխատակիցների խոսքով, փոխհատուցման մասին ծանուցումներն ուղարկվել են այնպիսի ձևաչափով, որ դրանք հայտնվել են էլփոստի սպամի թղթապանակում, որպեսզի նախկին աշխատակիցները պատահաբար ջնջեն դրանք կամ պարզապես չնկատեն։
Vimeo-ն նախատեսում է աշխատանքից հեռացնել աշխատակիցների 11%-ինVimeo վիդեոծառայությունը նախատեսում է կրճատել անձնակազմի գրեթե 11%-ը. ղեկավարությունը հույս ունի, որ տնտեսական խնդիրների և գնաճի պայմաններում դա կօգնի բարելավել ֆինանսական վիճակը։
Կրճատումների մասին աշխատակիցներին նամակով հայտնել է Vimeo-ի գործադիր տնօրեն Անջալի Սուդը: Նա նշել է, որ կրճատումները թույլ կտան ընկերությունը դարձնել ավելի կենտրոնացված և հաջողակ՝ անորոշ տնտեսական միջավայրում աշխատելով անհրաժեշտ կարգապահությամբ:
Սպասվող կրճատման մասին աշխատակիցները կզգուշացվեն նաև անձնական նամակներով, որից հետո կհրավիրվեն անհատական զրույցի իրենց անմիջական ղեկավարի և կադրերի բաժնի աշխատակցի հետ։
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, սրանք առաջին կրճատումները չեն այս ընկերությունում․ 2022 թ․ հուլիսին Vimeo-ում աշխատանքից ազատվել է աշխատակիցների 6%-ը։
McDonald’sԱյս տարի կրճատումներ են նախատեսվում ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև շատ այլ ընկերություններում, այդ թվում՝ McDonald's ռեստորանների ցանցում։ Ընկերությունը պլանավորում է այս տարի կրճատել անձնակազմը, որպեսզի ծախսերը օպտիմալացնելու և բիզնեսի հետագա աճի նպատակով ներդրումների համար ռեսուրսներ ազատի։ Կրճատումների մասին աշխատակիցներին էլփոստով տեղեկացրել է գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին։
Այսօր McDonald's-ում աշխատում է մոտ 200,000 մարդ, այդ աշխատակիցների երեք քառորդը, ըստ WSJ-ի, գտնվում է ԱՄՆ-ից դուրս:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում