Որո՞նք են պատմության մեջ ամենաշատ վաճառվող բջջային հեռախոսները. ցանկը չի գլխավորում iPhone-ը

29 հունվարի, 2024  10:16

Պատմության մեջ ամենաշատ վաճառված բջջային հեռախոսը iPhone մոդելի չէ, ինչպես շատերը կարող են մտածել, այլ ստեղներով Nokia 1100 հեռախոսը, որը թողարկվել է 2003-ին: Հենց այս հեռախոսը, որը վաճառվել է 250 միլիոն օրինակ, գլխավորել է պատմության մեջ ամենահայտնի բջջային հեռախոսների՝ Visual Capitalist-ի կազմած ցանկը։

Երկրորդ տեղում է նույն արտադրողի ստեղներով մեկ այլ հեռախոս՝ Nokia 1110-ը, որը վաճառվել է  248 միլիոն օրինակով։ Սակայն երրորդ տեղում արդեն Apple-ի սմարթֆոնն է՝ iPhone 6-ը և 6 Plus-ը՝ վաճառքի 222 միլիոն միավոր ցուցանիշով: Չորրորդ տեղում Nokia 105-ն է (200 մլն միավոր), հինգերորդում՝ iPhone 6s-ն ու 6s Plus-ը (174 մլն միավոր):

Պատմության մեջ ամենահայտնի հեռախոսների ցանկը ներառում է նաև հետևյալ հեռախոսները՝

iPhone 5s (165 մլն միավոր), Nokia 3210 (161 մլն միավոր), iPhone 7 և 7 Plus (160 մլն միավոր), iPhone 11, 11 Pro և 11 Pro Max (159 մլն միավոր), iPhone XR, XS և XS Max (151 մլն միավոր), Nokia 6600 (150 մլն միավոր), Nokia 1200 (150 մլն միավոր), Nokia 5230 (150 մլն միավոր), Samsung E100 (150 մլն միավոր), iPhone 5 (146 մլն միավոր)։

Նախկինում, հատկապես մինչև սմարթֆոնների հայտնվելն ընդհանրապես և iPhone-ի հայտնվելը մասնավորապես, Nokia-ն գերիշխում էր բջջային հեռախոսների շուկայում: Ներկայումս ֆիննական այս ապրանքանիշի սարքերից ոչ մեկը ներառված չէ ամենահայտնի մոդելների թոփ տասնյակում:

Մասնավորապես, 2023-ի վերջին ամենահայտնի հեռախոսներն էին iPhone 14 Pro Max-ը, iPhone 14-ը և iPhone 14 Pro-ը՝ վաճառքի համապատասխանաբար 31 միլիոն, 26 միլիոն և 24 միլիոն միավոր ցուցանիշներով:

Ցանկի ավելի ցածր հորիզոնականներն են զբաղեցրել հետևյալ հեռախոսները՝

iPhone 13 (22 մլն միավոր), Samsung Galaxy A14 (20 մլն միավոր), Samsung Galaxy A14 5G (14 մլն միավոր), Samsung Galaxy A54 5G (14 մլն միավոր), Samsung Galaxy S23 Ultra (13 մլն միավոր), Samsung Galaxy A04e (11 մլն միավոր), Xiaomi Redmi 12С (11 մլն միավոր)։

Nokia-ն ակնհայտորեն չկարողացավ հարմարվել շուկայի նոր պահանջներին և գտնել իր արժանի տեղը. 2024-ի փետրվարի 1-ին Nokia-ի պաշտոնական կայքից կանհետանա այս ապրանքանիշի սմարթֆոններով բաժինը։ Այժմ այնտեղ ներկայացված են HMD Global-ի Nokia ապրանքանիշի սարքերը, որոնք բջջային հեռախոսների բիզնեսը գնել են Nokia-ից։ 2026-ից, սակայն, HMD Global-ն այլևս չի վաճառի Nokia սմարթֆոններ։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում